Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արթուր Դավթյանի պարգևների «գինը»

Արթուր Դավթյանի պարգևների «գինը»

13:12 | 22.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրված է «հին Հայաստանի» խորհրդարանի կողմից, ճիշտ նույն Հայաստանի ու նույն Ազգային ժողովի կողմից, որն ընտրել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Սակայն, այն նույն խորհրդարանի կողմից ընտրված ՍԴ նախագահի դեմ գործեր փնտրելուն զուգահեռ «նոր Հայաստանում» վերջին 3,5 ամսում ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրվել է երկու անգամ. ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հուլիսի 5-ին՝ վարչապետի առաջարկով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Երեկ՝ 3.5 ամիս անց. վարչապետի միջնորդությամբ նախագահը հրամանագիր է ստորագրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։

Հարց է առաջանում՝ ի՞նչ է արել այս ընթացքում Արթուր Դավթյանը երկու անգամ կոչումը բարձրացնելուն արժանանալու համար: Արթուր Դավթյանը, ինչպես որակում է իշխանությունը, «հին Հայաստանի» դատախազն է, ավելին՝ 2018-ի ապրիլյան օրերին, նույն Արթուր Դավթյանը դիմում էր Արա Բաբլոյանի գլխավորած Ազգային ժողովին՝ այդ ժամանակ պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու պահանջներով:

Երբ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, բոլորը սպասում էին հենց Արթուր Դավթյանի հրաժարականին՝ որպես առանցքային պաշտոնյայի, այնինչ, Արթուր Դավթյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլ նաև շարունակում է պաշտոնավարել, իսկ Փաշինյանի երկու վստահելի անձինք արդեն նշանակվել են, նույնիսկ պաշտոնանկ են արվել, սակայն Դավթյանը դեռ շարունակում է պարգևատրվել։

Դատախազության 101 ամյակին՝ հուլիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը ցույց տվեց, որ ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է»: Չորս օր անց, ի թիվս իրավապահ համակարգի ղեկավարների, պարգևատրվեց Արթուր Դավթյանը։

Այդ պարգևատրումն ու «նոր Հայաստանի» դատախազը դառնալու կոչմանը Դավթյանն արժանացել է «Մարտի 1»֊ի գործով, ակնհայտ է, այլապես նրա լիազորությունների դադարեցման համար ևս իրավապահ մարմինները դատախազությունում նրա օրոք նշանակված սանիկներ կգտնեին, որոնց հիմա չեն էլ փնտրում, և գոնե կմեղադրեին «Մարտի 1»-ի գործով անգործության մեջ՝ իր պաշտոնավարման սկզբից մինչև իշխանափոխություն։

Բացի այդ, ոչ յուրայիններին «նոր Հայաստանում» չեն ընդունում, անկախ մարմինների ղեկավարների հարազատներին էլ հրավիրում են ԱԱԾ։ Իսկ ի՞նչ է արել վերջին երեք ամսում արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան վաստակելու համար Արթուր Դավթյանը. վերացրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ։ Բոլոր դատավորները հասկացել են,որ չի կարելի փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը,այլապես քրեական գործեր կհարուցվեն։Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժող դատավորին տեսախցիկով վարչապետի՝ վնգստացող դատավորների մասին հարց տվողներին կալանավորել է։

Նա վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և նրան արդարացնելու վերաբերյալ, չի առարկել Գագիկ Ջհանգիրյանին արդարացնելուն։ Ի դեպ, նշում են, որ Արթուր Դավթյանը Գագիկ Ջհանգիրյանի ուսանողն է։

Բացի այդ, Դավթյանը «Ազատության» հրապարակի համալիրի և հարակից տարածքներում առերևույթ ապօրինաբար սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցել և ի վերջո, «արդարացրել է» Փաշինյանին տված իր խոստումը՝ ժամանակ տուր և կապացուցեմ։ Ի դեպ, Ոստիկանության՝ հոկտեմբերի 19-ին հայտնած տվյալներով՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով: Իսկ դատախազի կոչումը բարձրացվում է տարվա մեջ երկու անգամ,դեռևս։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси