Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. փաստաբանը բողոքարկել է որոշումը

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. փաստաբանը բողոքարկել է որոշումը

12:52 | 22.10.2019 | Քաղաքականություն

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է և ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնեց Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ Վերջինս արդեն իսկ բողոքարկել է ձերբակալման որոշումը, սակայան գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել։

Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա իշխանության զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

ՀՔԾ–ն երեկ հայտնեց, որ այդ գործով բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Նկատենք, որ անձը չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երեվանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի։

Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, իսկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018-ի մարտին: Հաշվի առնելով, որ համաներումը տարածվում է մինչև 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա, ստացվում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերևույթ համաներում է կիրառելի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси