Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վանեցյանի դեմ ցուցմունք տալու գործով հաստատվել է՝ ծաղկի շուկայի աշխատակցի վրա վնասվածքներ կան

Վանեցյանի դեմ ցուցմունք տալու գործով հաստատվել է՝ ծաղկի շուկայի աշխատակցի վրա վնասվածքներ կան

11:27 | 21.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը դեպքից հետո բուժօգնության է դիմել «Նաիրի ԲԿ»։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ղազարյանի շահերը ներկայացնող «Բաբայան Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը։ Վերջինիս խոսքով՝ հիվանդանոցում Ղազարյանը հետազոտության է ենթարկվել և այդ կապակցությամբ բժշկի տեղեկանքը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

Մասնագիտացված բժշկական կենտրոնից տրված տեղեկանքի համաձայն՝ Ղազարյանը «պարանոցի աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։

Բաբայանը հայտնեց, որ ՀՔԾ–ն էլ իր հերթին դատաբժշկի ուղեգիր է տվել Ղազարյանին. նրա նպատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հինգ քաղաքացիներ հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և  իրեց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի կապակցությամբ դիմել են ՀՔԾ։ Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։

Մասնավորապես Կարեն Ղազարյանը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:

Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանությունում իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

Կարեն Ղազարյանին բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси