Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են

Անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են

13:18 | 28.05.2013 | Հասարակություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը.

Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով: Այս տոնը խորհրդանշում է հայ ժողովդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը: 1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու պայքարում հաղթանակ նվաճել՝ մեկ անգամ ևս վերահաստատելով հայի աննկուն կամքն ու ազատատենչությունը: Ուղիղ 95 տարի առաջ տևական ընդմիջումից հետո իր պատմական տարածքի մի մասում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Ազգային պետականության կերտումը մեր կարևորագույն նվաճումներից մեկն է, որը հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով իրականություն դարձավ:

Ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն դարեր ի վեր փափագած ու վերանվաճած անկախությունը կատարեց իր պատմական առաքելությունը:

Այսօր՝ շուրջ մեկդարյա հեռավորությունից ավելի՛ է արժևորվում Հայաստանի առաջին հանրապետության դերն ու նշանակությունը, իսկ նոր սերնդի գիտակցության մեջ պետք է արմատավորվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, և որ մեր ազգի միասնականությունն է միայն ամուր պետականության երաշխավորը:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ համայն հայությանն այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն, նորանոր նվաճումներ ու բարգավաճում մեր հայրենիքին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси