Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պաշտոնական Արցախն արձագանքում է Բ․ Սահակյանին՝ որպես Արցախի մարզպետ դիմած Ն․ Փաշինյանի արտահայտությանը

Պաշտոնական Արցախն արձագանքում է Բ․ Սահակյանին՝ որպես Արցախի մարզպետ դիմած Ն․ Փաշինյանի արտահայտությանը

12:55 | 16.10.2019 | Քաղաքականություն

Երեկ Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։  Ընդունելով հյուրին՝ Փաշինյանն այսպես է դիմել նրան․ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար․․․»։ 

ՀՀ վարչապետի կայքում տեղադրված պաշտոնական տեքստային հաղորդագրության մեջ, սակայն նշվում է «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան» դիմելաձևը։

Նիկոլ Փաշինյանի՝ Բակո Սահակյանին որպես մարզպետ դիմելաձևը սոցցանցերում բուռն քննարկման թեմա է դարձել։

Հատկանշական է նաև, որ հայկական երկու պետությունների ղեկավարների հանդիպմանը տեղադրված էր միայն Հայաստանի Հանրապետության դրոշը և բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը։

Ինչպես է մեկնաբանում վերոնշյալը պաշտոնական Արցախը, փորձեցինք պարզաբանում ստանալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից, ով այսպես արձագանքեց.

- Նախ և առաջ ասեմ, որ վարչապետը չի դիմել որպես մարզպետ, էդպիսի բան չի եղել։ Գիտե՞ք, եթե կա քննադատություն, քննադատությունը պետք է լինի տեղին և կառուցողական, էդպիսի բան չի եղել։ Նա ասել է հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան, մարզպետ բառակապակցությունը չի կարող օգտագործվել,  հասկանու՞մ եք, դա անհնարին է:

- Բայց կա տեսանյութ, որտեղ հնչում է․․․

- Չկա տենց տեսանյութ, կարող եք մտնել Նիկոլ Փաշինյանի  ֆեյսբուքյան էջը։ Ես այնտեղ կանգնած էի բազմաթիվ այլ լրագրողների հետ, էդպիսի բան չի ասել:

- Ես կարող եմ ձեզ ուղարկել այդ տեսանյութը, որտեղ․․․

- Ի՞նչ եք ուղարկում, եթե ես այնտեղ էի, դուք ինձ ուղարկում եք, ասենք ի՞նչ եք ուզում ապացուցել, մի բան, որ ես անձա՞մբ եմ լսել:

- Ոչ, պարզապես նման արտահայտություն, իսկապես, հնչել է:

- Չի եղել էդպիսի արտահայտություն։ Եթե դուք գտնում եք, որ եղել է, գրեք, ես այնտեղ կանգնած էի, ասում եմ չի եղել ադպիսի արտահայտություն (ձայնի բարձր տոնայնությամբ. Լ.Փ.): Ո՞նց կարող է Հայաստանի վարչապետը դիմի Արցախի նախագահին որպես մարզպետ, ո՞նց կարող է տենց բան լինի, դա անհնարին է, եթե էդպիսի բան լիներ, հավատացեք ինձ, որ առաջինը մենք էինք արձագանքելու տեղում, անհնարին է այդպիսի բան լինի, ինքը ասել է հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան: Եվ ոչ միայն ես այդտեղ էի, այլև ստանալով նման ահազանգեր, մենք 5 անգամ տեղում լսել ենք այդ ձայնագրությունը, ուղղակի մի պահ չգիտեմ շշուկներ էին, ձայներ էին, միգուցե լավ չէին լսվում, բայց ինքը չի ասել մարզպետ, չի կարող էդպիսի բան լինել: Եթե այդպիսի բան լինի, սա կլինի շատ սարսափելի երևույթ, բայց էդպիսի բան չի եղել:

- Այսինքն դուք ժխտո՞ւմ եք:

- Վաաայ, է դուք էլ հաստատեք, ես էնտեղ էի, դու՞ք եք ուզում ինձ բացատրել (կրկին բարկացած.-Լ. Փ.), դա ճիշտ չի էլի, չի կարող Հայաստանի վարչապետը էդպիսի բան ասել, ես պաշտոնապես եմ հայտարարում դա:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси