Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չի ապահովվել Լևոն Սարգսյանի՝ լսված լինելու իրավունքը. վիճարկվում է վարչական տույժ կիրառելու որոշումը

Չի ապահովվել Լևոն Սարգսյանի՝ լսված լինելու իրավունքը. վիճարկվում է վարչական տույժ կիրառելու որոշումը

16:20 | 10.10.2019 | Հասարակություն

Վարչական դատարանում՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 10–ին  շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Լեւոն Սարգսյանն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործով նախնական դատական նիստը։

Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել  2019 թ. ապրիլի 9–ի իր նկատմամբ «Վարչական տույժ կիրառելու մասին» համապատասխան որոշումը։

Նշենք, որ 2019թ. ապրիլի  9–ին հանձնաժողովն ընդունել է որոշում Լյովա Սարգսյանի նկատմամբ  նախազգուշացում  վարչական տույժ կիրառելու մասին՝ կապված  իր կողմից 2018թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար։ Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը սակայն համարում է, որ մինչեւ նկատողություն հայտարարելը իր Լեւոն Սարգսյանին զրկել են արտահայտվելու իրավունքից։

Միհրան Պողոսյանն այօրվա նիստում հայտարարեց, որ հանձնաժողովը պարտավոր էր ապահովել Լյովա Սարգսյանի լսված լինելու իրավունքը, ինչը չի արել թե՛ վարչական վարույթը սկսելու, թե՛ վարչական տույժ նշանակելու ընթացքում։

 Պողոսյանի խոսքով՝  հանձնաժողովը չի տեղեկացրել իր վստահորդին եւ նրան  հնարավորություն չի տվել արտահայտել իր կարծիքը վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ։

 Այսպիսով ըստ Պողոսյանի՝  հանձնաժողովի կողմից կայացված տվյալ վարչական ակտը անվավեր է, քանի որ կայացվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի պնդմամբ, սակայն իրենք ձեռնարկել են հնարավոր բոլոր իրավական միջոցները անձի պատշաճ ծանուցումն ապահովելու համար։

Այսպիսով այսօրվա նախնական դատական նիստն ավարտվեց։  Այս գործով  դատաքննությունը կկայանա դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ։ Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները։

Իսկ վերջերս էլ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում  Լեւոն Սարգսյանը որպես մեղադրյալ էր  ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը)։ Սարգսյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ նրա նկատմամբ կրկնակի կալանավորման որոշում կայացվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси