Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանը չի կարող Սիրիայի հարցում հետքայլ կատարել. թուրքագետ

Էրդողանը չի կարող Սիրիայի հարցում հետքայլ կատարել. թուրքագետ

16:33 | 09.10.2019 | Քաղաքականություն

Սեփական վարկանիշի անկումից և ընտրողներին տրված խոստումներից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը չի կարող Սիրիայի հարցում հետքայլ կատարել։ Հետևապես, խիստ հավանական է, որ մոտ ժամանակներս թուրք-սիրիական սահմանին ռազմական գործողությունների ականատես դառնանք։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանն՝ անդրադառնալով Թուրքիայի՝ վերջին շրջանում Սիրիայի հետ սահմանին զինտեխնիկա կենտրոնացնելու հանգամանքին։

«Թուրքիայի ներքաղաքական զարգացումները հօգուտ Էրդողանի չեն, երկրում ահռելի հուզումներ կան։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում երեք անգամ՝ 15 տոկոսով, թանկացել են էլեկտրաէներգիան և գազը։ Այժմ Էրդողանը փորձելու է հնարավոր պատերազմով փոխել օրակարգը, կասեցնել իր ժողովրդականության անկումը և կարևոր խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը։  Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու մասին Էրդողանը դեռ 2016թ.-ին էր արտահայտվել։ Նա, արդեն քանի տարի է, հարմար առիթի էր սպասում` իրացնելու իր գաղափարը», - նշեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական կողմին նախազգուշացրել է Սիրիայի հյուսիս-արեւելքում գործողության  ընթացքում ամերիկացի զինծառայողներին կամ Վաշինգտոնի դաշնակիցներին հարվածելու անթույլատրելիության մասին: Թրամփը միաժամանակ սպառնացել է «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան «հատի թույլատրելի սահմանները»:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն, ի պատասխան ԱՄՆ նախագահի սպառնալիքների, հայտարարարել է.

«Թուրքիան այն երկիրը չէ, որը գործում է սպառնալիքների ազդեցության ներքո: Մենք կսահմանենք մեր սեփական ճանապարհը»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси