Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին

Բնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին

13:50 | 09.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում տեղի ունեցավ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) նախագծի քննարկումը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանին ներկայացրեցին նախագծի առնչությամբ ունեցած առարկությունները:

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներին մտահոգում է Արփա գետի ավազանում գետային հոսքի նվազման խնդիրը։

«Կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում Արփայի ավազանում 2021 թ. գետային հոսքը կնվազի մոտ 4,6%-ով կամ 31,1 մլն մ3-ով, իսկ մինչև 2040 թ.՝ 17%-ով կամ 115,6 մլն մ3-ով։ Արդյո՞ք Արփայի վտակ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը կազմելիս ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունների այս ցուցանիշները հաշվի առնվել են», - հարցրեց ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը։

Նախաձեռնության անդամները նաև նշեցին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի փոփոխված նախագծում և ՇՄԱԳ-ում (2016թ․) Դարբ գետից արդյունաբերական նպատակով ջրառ կատարելու մասին տվյալների բացակայությունը։

«Քանի որ գետից նախատեսվում է անվերադարձ վերցնել էական քանակությամբ ջուր, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, կարծում ենք, որ կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ», - ասաց Լևոն Գալստյանը։

Առարկություններով հանդես եկավ նաև «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Դարբ գետն ունի կարևոր էկոհամակարգային բնապահպանական նշանակություն, և այդ գետից արդյունաբերական նպատակով ջրօգտագործում չի թույլատրվում ՀՀ ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն։

Նազելի Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ արգելվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարում գործունեություն իրականացնելը։ «Ընկերության գործունեությունը արգելվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 27.08.18թ. հ. 30-Ա որոշմամբ՝ մինչև նոր փորձաքննական եզրակացության ընդունումը: Հետևաբար, այդ ընկերությունն այս պահին չի կարող որևէ գործունեություն իրականացնել, և չի կարելի այս պայմաններում ջրօգտագործման տուլտվություն տալ», - հավելեց նա։

Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված առարկությունների փաստաթուղթը ստորագրել են նաև «Գոյ» բնապահպանա-իրավական, «Յանուս» իրավական, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները և ջրային էկոհամակարգերի փորձագետ, տ.գ.թ. Քնարիկ Հովհաննիսյանը։

Էդգար Փիրումյանը, լսելով բոլոր կողմերին, նշեց, որ բոլոր առարկություններն իրենք պատրաստ են քննել և առաջարկեց դրանք համակարգ մուտքագրել հետագա ուսումնասիրության համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси