Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մասիս Մայիլյանը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ներկայացրել է Արցախի խնդիրը

Մասիս Մայիլյանը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ներկայացրել է Արցախի խնդիրը

16:08 | 08.10.2019 | Քաղաքականություն

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերին եւ Ջուդի Չուին։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով կոնգրեսականներին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանրապետության իշխանությունները կարեւորում են տարբեր մակարդակներում Արցախի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել կոնգրեսականների, հատկապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ի սատարումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ` ի աջակցություն ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ջեքի Սփիերի եւ Ջուդի Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ռոյս-Էնգել» նախաձեռնության աջակցմանը, որը նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում եւ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի իշխանությունների եւ ԱՄՆ կոնգրեսականների միջեւ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը եւ Սոս Ավետիսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси