Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վաշինգտոնից հայտնել են Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Վաշինգտոնից հայտնել են Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

10:29 | 08.10.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ վարչակազմը քննարկում է Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հայտնել է  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ Նյու Յորք նահանգից), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես չափազանց մտահոգված եմ այն տեղեկություններով, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը, եւ կոչ եմ անում չանել այդպիսի ոչ խելամիտ քայլ»,- նշված է նամակում, որը Էնգելը հղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենին: Նամակի տեքստը հրապարակել է Էնգելի աշխատակազմը:

«2002 թվականին ուժի մեջ մտնելուց հետո փաստաթուղթը ապահովում էր այն ստորագրած երկրների կարեւոր ռազմական թափանցիկություն: Պայմանագրից ԱՄՆ դուրս գալը ձեռնտու կլինի միայն Ռուսաստանին, կվնասի մեր դաշնակիցներին, գործընկերներին եւ անվտանգության ոլորտում ամերիկյան շահերին»,- կարծում է օրենսդիրը: «Պայմանագիրն ԱՄՆ-ին ու դաշնակիցներին թույլ է տալիս հետեւել  ռուսաստանցի զինվորականների տեղակայմանը: Դիտորդական թռիչքները հնարավորություն են տալիս տեղեկություններ ստանալ Ուկրաինայում ռուսական գործողությունների մասին»,- նշել է Էնգելը:

Կոնգրեսականի կարծիքով՝ համաձայնագրից հրաժարվելը կհանգեցնի անդրատլանտյան միության բաժանմանը եւ կսասանի ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը՝ որպես եվրոպական անվտանգության ապահովման գործում հուսալի եւ կանխատեսելի գործընկեր: «Եթե վարչակազմն իսկապես քննարկում է փաստաթղթի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը, ապա դա պետք է լինի բաց գործընթացի մաս՝ ներառելով Կոնգրեսի հետ խորհրդակցություններ, անհրաժեշտ է նաեւ մյուս անդամներին հստակ պարզաբանել մեր մտադրությունները,- նշված է Էնգելի նամակում: - Որքանով տեղյակ եմ, վարչակազմը զգալի խորհրդակցություններ չի անցկացրել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ: Նման խորհրդակցությունները փաստաթղթի հաջող փոփոխման կարեւոր պայման են»:

Բաց երկնքի մասին բազմակողմ պայմանագիրը, որն ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից, մշակվել է Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ գնահատականով՝ ԲԵՊ-ը վստահության եւ անվտանգության ամրապնդման կարեւոր միջոց է։ ԲԵՊ ուժի մեջ մտնելը ( Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի եւ 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի հետ միասին) գործնականում ավարտեց եվրատլանտյան տարածքում սովորական սպառազինությունների ոլորտում վստահության եւ թափանցիկության ռեժիմի ամրապնդման ձեւավորումը։

Պայմանագիրը կնքվել է ռազմական գործունեության եւ միջազգային անվտանգության ամրապնդման բացությանն աջակցության նպատակով՝ բաց երկնքի ստեղծման ուղղությամբ համագործակցության հիման վրա։

Գործնական առումով ԲԵՊ-ը մասնակից պետություններին իրավունք է տալիս թռիչքներ կատարել միմյանց տարածքներում ռազմական գործունեությանը հետեւելու համար՝ դիտորդական առաքելությունների պայմանավորված եւ համաձայնեցված քվոտաներին համապատասխան։ Այն կանոնակարգում է թռիչքների իրականացումը, սահմանում վերահսկողության մեխանիզմը, պարունակում պահանջներ ինքնաթիռների վերաբերյալ, սահմանափակումներ դիտման սարքերի կազմի եւ տեխնիկական բնութագրերի մասին։

Վաշինգտոնը մի քանի տարի Մոսկվային մեղադրում է ԲԵՊ ընտրովի կատարման եւ այս բազմակողմ համաձայնագրի մի շարք դրույթները խախտելու մեջ։ Ռուսաստանը նույնպես ԱՄՆ-ին բողոքներ է ներկայացնում՝ կապված դրա ներդրման հետ։ 2017 թվականին Վաշինգտոնը հայտարարեց ռուսական դիտորդական թռիչքների հանդեպ ամերիկյան տարածքում որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին պայմանագրի շրջանակում, Մոսկվայի հայելային պատասխանը չի ուշացել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси