Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

16:28 | 20.09.2019 | Քաղաքականություն

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. ընթացքում դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դրույթներ, հայտարարել եւ իրականացրել են  «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի եւ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների եւ պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից եւ Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի կողմից (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ բաժնի վարիչը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտելով «ՀՀ ԱԺ պատվո մեդալ»-ի եւ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի ձեւերը սահմանելու մասին որոշումները, 2015-2017 թվականների ընթացքում սահմանված տեխնիկական բնութագրին  չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, ձեռք է բերել 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» եւ 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ», որի համար փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար:

Սակայն հիշյալ մեդալների փոխարեն մատակարարվել են նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ, պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված, ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси