Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը փորձում է արձակել ձեռքերը նոր հանցագործությունների՝ դիվերսիաների եւ առեւանգումների համար. ՀՀ նախկին ՄԻՊ

Ադրբեջանը փորձում է արձակել ձեռքերը նոր հանցագործությունների՝ դիվերսիաների եւ առեւանգումների համար. ՀՀ նախկին ՄԻՊ

16:10 | 19.09.2019 | Քաղաքականություն

Ադրբեջանը փորձում է ազատ արձակել ձեռքերն ապագա երկու հանցագործությունների համար՝ դիվերսանտների ուղարկման եւ հայ մարդկանց առեւանգման։ Այս մասին ասել է իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը «2-ը 2-ի դիմաց» ձեւաչափով փոխանակման մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն առաջարկում է Կարեն Ղազարյանին եւ Արայիկ Ղազարյանին փոխանակել երկու դիվերսանտի՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ։

Ինչպես նշել է Լարիսա Ալավերդյանը, ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան «ճչանաչված Արցախի Հանրապետությունում երկու մարդկանց ապօրինի պահելու մասին»։ «Ես կարծում եմ, այն, որ այսօր Ադրբեջանը հայտարարել է միջազգային կազմակերպություններին դիմելու մասին, վկայում է, որ նրանք պարտություն են կրել ՄԻԵԴ-ում։  Դիմումի ցինիզմը, ըստ երեւույթին, այնքան ակնհայտ է եղել, որ հույսը, թե ՄԻԵԴ-ը, ելնելով մարդասիրական նկատառումներից եւ մարդու իրավունքների սկզբունքներից, կարող էր այդ մարդկանց ապօրինի կալանավորված, պատանդ համարել, չի արդարացել։ Սա առաջին հանգամանքն է։ Երկրորդ. մենք գիտենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ բավական տարօրինակ հանգամանքներում հայտնվում են մարդիկ, որոնք ապրում են Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Ես հիմքեր ունեմ պնդելու, որ տեղի է ունենում մարդկանց պարբերական առեւանգում Հայաստանի սահմանամերձ գյուղերից։ Հենց այն բանի համար, որպեսզի հետո նրանց «նյութ» դարձնեն, ներողություն արտահայտությանս համար, փոխանակման համար»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։

«Փոխանակում» տերմինի առիթով, որն օգտագործել է ադրբեջանական պետհանձնաժողովը, նախկին օմբուդսմենը հիշեցրել է, որ Միջազգային հումանիտար իրավունքը նման բառ չի օգտագործում, որովհետեւ փոխանակում են առարկաներ, ապրանքներ։ Որպես կանոն, խոսում են փոխադարձ վերադարձնելու մասին։ Բայց ինչպես տեսնում եք, Ադրբեջանը մարդկանց ավելի շուտ դիտարկում է հենց որպես առարկաներ, նկատել է իրավապաշտպանը։

«Երրորդ հանգամանքն այն է, որ նրանցից մեկը, ում Ադրբեջանը պահանջում է բացարձակապես անմեղ մարդկանց փոխարեն, մեղադրվում է անչափահասի՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության մեջ, եւ նրա մեղքը դատարանում հաստատվել է: Առկա է միջազգային հանրության բացասական գնահատականը ստացած փորձ, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը ոչ միայն վերադարձվեց, դասվեց «մեր ժամանակների հերոսների» շարքում, անգամ Ադրբեջանի օմբուդսմենի տեսանկյունից, այլեւ նրա աշխատանքը, այսինքն՝ սպանությունը եւ բանտում պահելը վճարվել է ադրբեջանական պետության կողմից: Ի դեպ, սա հակասում էր ոչ միայն միջազգային նորմերին, այլեւ Ադրբեջանի  սահմանադրությանն ու օրենսդրությանը: Ուստի, երբ մենք հիմա խոսում ենք մեր անմեղ երիտասարդներին վերադարձնելու չափազանց մեծ ցանկության մասին, պետք է նկատի ունենանք, որ այս ամենի հետեւում կարող է թաքնված լինել մարդկանց պարբերաբար առեւանգումը, հայերի որսը՝ նախապես Հայաստան կամ Արցախ դիվերսանտների ուղարկելով: Ցանկանում եմ հատուկ նշել, որ դիվերսանտներ ուղարկելն ու սպանությունները առաջին դեպքը չեն: Եվ վերջապես՝ անհրաժեշտ է իմանալ, թե դրան ինչպե՞ս է վերաբերվում տուժած կողմը: Այսինքն՝ Սմբատ Ցականյանի ծնողները, սպանված մայորի եւ վիրավորված կնոջ ընտանիքի անդամները: Կարծում եմ, որ Ադրբեջանի դիմումը ոչ միայն աղավաղում է, այլ շեշտադրումները ցինիկորեն տեղափոխում է միջազգային հումանիտար իրավունքի դաշտ: Սա ոչ թե պարզապես մեկ սյուժե է, սա խոսում է ապագա 2 տեսակի հանցագործությունների՝ դիվերսանտներ ուղարկելու եւ հայազգի անձանց առեւանգելու  համար ձեռքերը լիովին ազատելու Ադրբեջանի ցանկության մասին»,- հայտարարեց նախկին օմբուդսմենը:

Լարիսա Ալավերդյանը հատուկ շեշտեց, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է միջազգային հումանիտար իրավունքը, եւ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպես են վերաբերվում մարդասպաններին եւ տառացի իմաստով գլխատողներին: «Այս դեպքում Հայաստանն ու Արցախը բաց են թողել եւ հիմա էլ բաց են թողնում բոլոր մակարդակներում ու հարթակներում որոշակի հարցեր բարձրացնելու հնարավորությունները, որտեղ քննարկվում են ոչ միայն քաղաքական հարցեր կամ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը, այլեւ Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պարբերական խախտումներն ու քամահրանքը»,- ամփոփեց նախկին օմբուդսմենը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси