Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

10:00 | 19.09.2019 | Հասարակություն

Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» և Եվրոպական համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է համատեղ գործողություններ՝ ուղղված համալսարանի ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու կիրառական հմտությունների խորացմանը: Հուշագիրը ստորագրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը:

Մասնավորապես՝ եռակողմ փաստաթղթի համաձայն, «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնի ուսանողներից որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով կտրամադրվեն ուսումնական նյութեր ու ձեռնարկներ: Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Հուշագրի շրջանակներում նաև նախատեսվում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ առնվազն երեք տարին մեկ անգամ, ինչպես նաև վերջիններիս կողմից դասախոսություններին մասնակցություն և համադասավանդում: Կարևոր է նաև այն, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներին կտրվի հնարավորություն ուսումնառությունը  շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Օժտված երիտասարդներին օգնելուն ուղղված մեր համագործակցությունը շարունակական է և դա շատ բնական է: Հեռահաղորդակցությունը դինամիկ զարգացում է ապրում, հետևաբար՝ ուսումնական նյութերը, ուսումնասիրության  առարկան պետք է մշտապես թարմացվեն: Դասախոսները նույնպես պետք է համապատասխանեն ժամանակի պահանջներին: Համալսարանի ու գործարար ոլորտի միջև կապը պետք է լինի մշտական: Բուհի գերնպատակն է աշխատաշուկան ապահովել պատրաստի, թարմ ու արդյունավետ կադրերով: Հիմնարար գիտելիքներն ու կիրառական հմտությունները պետք է դասավանդվեն ոչ թե առանձին-առանձին, այլ՝ զուգահեռաբար: Որակյալ կրթությունը տնտեսական աճի ու մարդկային զարգացման հիմնական միջոց է: Կրթության արդյունավետությունն է որոշում, թե որքան հուսալի կլինի մեր ապագան, որքան ուժեղ ու մրցունակ կլինեն մեր երիտասարդները», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ պայմանագրի ստորագրումը, քանի որ այն նաև առիթ էր հանդիսացել տարիներ առաջ նոր մասնագիտության ստեղծման, այն է` «Միկրոէլեկտրոնիկան հեռահաղորդակցության բնագավառում»։ Բազմաթիվ բարձր որակավորում ունեցող կադրեր են պատրաստվել այս ծրագրի շրջանակներում, նրանցից շատերը աշխատանքի են անցել Սինոփսիսում, ՎիվաՍել-ՄՏՍ-ում և այլ ՏՀՏ ընկերություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել այս ծրագրի իրականացման ակունքներում։ Հուսով եմ, որ երկար կշարունակվի այս համատեղ արդյունավետ համագործակցությունը», - ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն, Եվրոպական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը։

Մի կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների, մյուս կողմից՝ համալսարանի միջև համագործակցությունը սկիզբ է առել 2011-ին:

«Տարիներ առաջ Եվրոպական համալսարանը ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների հետ համատեղ հիմք դրեց եռակողմ համագործակցության: Ձևավորվեց «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնը: Նպատակն էր ՀՀ բուհական համակարգում բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրականացումը: Ամբիոնի կողմից իրականացվող ծրագիրը տեղեկատվական և հեռահադորդակցության ոլորտում գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման հաջողված օրինակ է, ինչի մասին վկայում է աշխատաշուկայի պահանջարկը», - ասել է Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը։ «Սինոփսիս Արմենիայի» և համալսարանի բարձրակարգ մասնագետների բազմամյա համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր կարող ենք արձանագրել մեր հաջողությունները: Այս տարիների ընթացքում 21 ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգևների և ՀՀ պետական կրթական մրցանակների», - ավելացրել է ռեկտորը։

Հեղինե Բիշարյանը նաև նշել է, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով հագեցած 4 լսարաններով, որոնց ստեղծման համար ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը հատկացրել է շուրջ 142 մլն դրամ։ Ուսանողներն օգտագործում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության տրամադրած ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ։ Ուսումնական ծրագրերը հասանելի են 4 լեզուներով:

«Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնի 123 շրջանավարտներից 110-ն աշխատում են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնցից 67-ը՝ «Սինոփսիս Արմենիայում»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси