Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոհանին հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշման արդյունքը հասել է բարձրակետին եւ հիմա անկման է գնում

Ռոհանին հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ ճնշման արդյունքը հասել է բարձրակետին եւ հիմա անկման է գնում

15:51 | 18.09.2019 | Քաղաքականություն

Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման արդյունքը հասել է իր բարձրակետին եւ հիմա նվազում է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այդ ճնշումն, իհարկե, մարդկանց կյանքի վրա բացասական ազդեցություն է ունեցել, բայց այն հասել է իր բարձրակետին եւ հիմա անկման է գնում»,- ասել է Ռոհանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

Նա հավելել է, որ «վերջին ամիսներին նկատվում է երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում»: «Սա չի նշանակում բնակչության բոլոր խնդիրների լուծում, բայց պետությունն ու նրա ներկայացուցիչները ի վիճակի են [երկիրն] ուղղել իրավիճակի նորմալացմանը»,- ասել է Ռոհանին:

Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին մասնակցության մեջ Իրանին մեղադրել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով, հայտարարել է Ռոհանին:

«Քաղաքականության կառուցողական մթնոլորտ ստեղծելու փոխարեն, ԱՄՆ-ում փորձում են մեղադանքների հաշվին սաստկացնել Իրանի վրա ճնշումը եւ այդ նպատակով կատարում են հիմնազուրկ ու անիմաստ հայտարարություններ»,- նշել է Իրանի նախագահը:

Նա հավելել է, որ «իրանցի ժողովուրդը խաղաղության, դիվանագիտության եւ երկխոսության կողմնակից է»: «Ոչ մի երկիր պատրաստ չէ բանակցություններ վարել առավելագույն ճնշման պայմաններում: Եթե ամերիկացիներն իսկապես բարի մտադրություններ ունեն, ապա պետք է դադարեցնեն Իրանին ճնշել»,- նշել է Ռոհանին:

Մյուս երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ Իրանի բանկային հարաբերությունները զարգանում են, չնայած SWIFT վճարային համակարգից հանելուն, հավելել է Ռոհանին:

«Իրանի բանկային հարաբերությունները մյուս որոշ երկրների հետ, բարեբախտաբար, զարգանում են առանց SWIFT համակարգի օգտագործման,- ասել է նա: - Ժամանակին Արեւմուտքում կարծում էին, որ բանկային հարաբերությունները միայն SWIFT-ով են պայմանավորված: Բայց դա այդպես չէ»:

Ռոհանին հավելել է, որ «այս պահին Թեհրանը բանկային կապեր է կառուցել Ռուսաստանի հետ եւ նախատեսում է հետագայում համանման հարաբերություններ զարգացնել Եվրասիայի երկրների հետ»: «Մենք նաեւ անցել ենք Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ ազգային արժույթով առեւտրին, ինչը կարող է լուծել մեր մեծ թվով խնդիրներ»,- հավելել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ էր բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին մասնակցության մեջ մեղադրել է Իրանի իշխանություններին։ Իրանի ԱԳՆ-ն այս հայտարարություններն անհիմն է որակել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси