Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջիկը դուրս է գրվել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջիկը դուրս է գրվել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

17:05 | 12.09.2019 | Հասարակություն

Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու», - բժիշկների հետ զրույցում ասաց մայրը՝ Արաքսին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետեւ տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ եւ տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երեւան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ ու գիտակցության էր եկել: Իսկ այսօր արդեն ժպիտը դեմքին դուրս գրվեց ԲԿ-ից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси