Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրազիլիայի նախագահը մեղադրել է Մակրոնին նեոգաղութատիրության համար

Բրազիլիայի նախագահը մեղադրել է Մակրոնին նեոգաղութատիրության համար

11:59 | 23.08.2019 | Քաղաքականություն

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն մեղադրել է իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին նեոգաղութատիրության համար այն բանից հետո, երբ վերջինս առաջարկել է Ամազոնյան անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհների հարցն առաջնահերթ կարգով քննարկել «Մեծ յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովին:

«Ֆրանսիայի նախագահի՝ G7 ձևաչափով առանց Բրազիլիայի և տարածաշրջանի այլ երկրների մասնակցության Ամազոնյան անտառների հարցը քննարկելու առաջարկը վկայում է 21-րդ դարում տեղ չունեցող նեոգաղութատիրական մտածելակերպի մասին»,- թվիթերյան իր էջում գրել է Բոլսոնարուն:

Նրա խոսքով՝ իր երկրի կառավարությունը պատրաստ է օբյեկտիվ տվյալների հիման վրա և փոխադարձ հարգանքի մթնոլորտում երկխոսել այդ հարցի շուրջ:

«Ցավում եմ, որ նախագահ Մակրոնը փորձում է Բրազիլիայի և Ամազոնիայի այլ երկրների ներքին գործերն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար»,- հավելել է նախագահը:

Հիշեցնենք, որ այս տարի Բրազիլիայի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով՝ շուրջ 72 000 հրդեհ է գրանցվել։  Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվն աճել է 83 տոկոսով։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ամազոն գետի շրջանում 9500 հրդեհ է բռնկվել: Հրդեհներից մեկի ծուխը մեկ ժամով ծածկել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքը, որը գտնվում է անտառից ավելի քան 2700 կմ հեռավորության վրա:

Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է և կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси