Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ն այլեւս ռազմական գերակայություն չունի

Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ն այլեւս ռազմական գերակայություն չունի

12:32 | 19.08.2019 | Քաղաքականություն

Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ն այլեւս ռազմական գերակայություն չունի Չինաստանի դեմ դաշնակիցներին պաշտպանելու համար, նախազգուշացրել է ավստրալական գլխավոր վերլուծական կենտրոնը, փոխանցում է AFP-ն:

Սիդնեյի համալսարանին առընթեր Միացյալ Նահանգների վերլուծական կենտրոնի զեկույցում նշված է, որ ամերիկյան զիված ուժերը «ատրոֆիայի ենթարկված ուժ է», որը «վտանգավոր կերպով գերլարված» է եւ Չինաստանի դեմ առճակատմանը «վատ է պատրաստված»:

Եթե ամեն ինչ ճիշտ է, գնահատականը ԱՄՆ դաշնակիցների՝ Ավստրալիայի, Թայվանի եւ Ճապոնիայի համար հեռուն գնացող հետեւանքներ ունի, որոնք կախված են անվտանգության ամերիկյան երաշխիքներից:

Վաշինգտոնին մեղադրելով «ռազմավարական չկայացվածության» մեջ՝ հեղինակները պնդում են, որ Մերձավոր Արեւելքում բազմամյա պատերազմները եւ անբավարար ներդրումները Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին խոցելի են դարձրել:

«Չինաստանը, հակառակը, իր առաջատար ռազմական համակարգերում մեծ չափի ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի ունակ է դառնում մարտահրավեր նետելու տարածաշրջանային կարգին»,- նախազգուշացնում են նրանք:

Նախագահ Սի Ցզինպինի օրոք Չինաստանի պաշտոնական պաշտպանական բյուջեն մեծացել է մոտ 75 տոկոսով՝ մինչեւ 178 մլրդ դոլար, չնայած ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է

Կարեւոր է նշել, որ Պեկինը միջոցներ է ներդրել բարձրճշգրտության բալիստիկ հրթիռների եւ հակազդման համակարգերի ստեղծման մեջ, որոնք կդժվարացնեն վիճարկվող շրջաններ արագ հասնելու ամերիկացի զինվորականների հնարավորությունը:

Զեկույցի համաձայն՝ «Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում գրեթե բոլոր ամերիկյան, դաշնակցային եւ գործընկերային բազաներում, թռիչքուղիներում, նավահանգիստներում եւ ռազմական օբյեկտներում» չկա ամրացված ենթակառուցվածք, եւ դրանք լուրջ սպառնալիքի տակ են:

Փորձագետների կարծիքով՝ վերգետնյա բազավորման ամերիկյան հրթիռների տեղակայումը եւ ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի դերի փոփոխությունը կենսականորեն կարեւոր նշանակություն կունենան Չինաստանին հակազդելու համար, ինչպես նաեւ տարածաշրջանային հավաքական պաշտպանության համար, ընդ որում՝ Ավստրալիան եւ Ճապոնիան ավելին են անում:

Ավստրալիայում մեծանում է անհամարժեք պաշտպանության հետ կապված մտահոգությունը, ինչը վեճեր է հարուցում այն հարցում, թե երկիրն արդյոք պե՞տք է մտածի միջուկային զենքի մշակման մասին:

Պարբերաբար նման քննարկումներ են անցկացվում հարեւան Ինդոնեզիայում:

Կիրակի հրապարակված Ավստրալական ռազմավարական քաղաքականության ինստիտուտի առանձին զեկույցով Ավստրալիային խորհուրդ է տրվում երկրի քիչ բնակեցված հյուսիսում մեծացնել եւ ամրապնդել ռազմական ներուժը:

«Հետագա հակամարտության նախազգուշացման զգալիորեն կրճատված ժամանակի պատճառով միանգամայն հնարավոր է, որ Ավստրալիայի հյուսիսն օգտագործվի որպես հակամարտության գոտիներ հասնելու համար առաջատար գործառնական բազա», նշված է զեկույցում:

Ամերիկացի զինվորականներն արդեն մոտ 210 մլն դոլար են հատկացրել Դարվինի մոտ ծովային հետեւակի կորպուսի ուժեղացման համար:

Վերջերս կատարած Ավստրալիա այցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարծիք էր հայտնել, որ Միացյալ նահանգները ցանկանում է Ասիայում տեղակայել միջին հեռահարության հրթիռներ: Ավստրալիայի կառավարությունը մինչեւ հիմա շեշտում էր, որ այդ զենքի տեղակայման պաշտոնական հարցում չի ստացել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси