Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Բաքուն շարունակում է սահմանային լարվածության քաղաքականությունը

«Իրավունք». Բաքուն շարունակում է սահմանային լարվածության քաղաքականությունը

10:18 | 16.08.2019 | Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Թշնամու ձեռքին հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ կատարվածը հանրային թիվ մեկ քննարկման թեմա դարձավ, թերևս, ունենալով երկու խորը հիմք: Առաջինը զգացմունքայինն է. մեր դիրքապահ զինվորը թշնամու ձեռքին է՝ դրանից բխող բոլոր հասկանայի մարդկային հետևանքներով հանդերձ: Սակայն այստեղ գործ ունենք ընդամենը տխուր փաստի հետ, որի հետ մնում է միայն հաշտվել, հասկանալի է՝ նաև փորձելով իր ընտանիքին վերադարձնել գերյալին:

Բայց կա նաև տեղի ունեցածի ռազմաքաղաքական հիմքը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով և հանգամանքներում 19-ամյա, այսինքն՝ մոտ 1 տարվա ծառայության ստաժ, հետևաբար բանակային կյանքին և դիրքային իրողություններին վարժված զինվորը հայտնվեց թշնամու մոտ: Պաշտոնական քննությունը գոնե երեկվա դրությամբ դեռ այդ հարցերի պատասխանները չէր տվել: Սակայն ունենք տեղի ունեցածի հետ կապված միայն սահմանափակ թվով վարկածներ, որոնց թվում մեծ հավանականություն ունի այն տարբերակը, որ Արայիկին գերի են վերցրել մեր դիրքերից:

Ընդ որում, այդ մասին նաև որոշակի փորձագիտական ոչ պաշտոնա­կան գնահատականներ են շրջանառվում: Նախ, մի շարք պաշտոնական աղբյուրներ, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն Արայիկին համարում է ռազմագերի, այսինքն, որ նա ոչ թե սեփական կամքով է ինչ-ինչ պատճառներից ելնելով փախել թշնամու մոտ, այլ որ գերի են վերցրել:

Կա նաև այն կարծիքը, որ Արայիկի վերքերի բնույթը ևս ակնարկում է գերի վերցնելու մասին:      

Այսինքն՝ գլխի վերքը, որը պարզ տեսանելի է ազերիների հրապարակած լուսանկարներում, կարող էր առաջանալ ավտոմատի հարվածից, իսկ մյուս վերքերը զինվորին անգիտակից վիճակում մացառներով քարշ տալու արդյունքում: Իսկ դա հնարավոր կլիներ, եթե Արայիկի վրա հար­ձակվեին մեր պաշտպանության գոտում:

Ռազմաքաղաքական տեսանկյունից թերևս հենց սա է, որ ամենավատ տարբերակը կլիներ: Այսինքն՝ եթե պարզվի, որ ազերիները կարող են մեր դիրքերից զինվոր գողանալ, ապա դա առնվազն կասկածի տակ կառնի անխոցելիության տեսլականը:

Բացի այդ, դա նաև ցույց կտա, որ անցած տարվա իշխանափոխությունից և Դուշանբեի պայմանավորվածություններից ի վեր որոշակի ժամանակահատված համեմատաբար հանգիստ մնացող Բաքուն փոխել է քաղաքականությունը՝ անցնելով սահմանային իրավիճակը մշտապես թեժ պահելու գործողությունների:

Ի դեպ՝ հիշեցնենք, որ Բաքվի քաղաքականության նման փոփոխության հետ կապված դեռ շաբաթներ առաջ էինք ենթադրություն հայտնելու առիթ ունեցել: Դա նախ զգացվեց Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հայտնի հանդիպումից հետո Մամեդյարովի արած հայտարարությունից, որ կարելի է սահմանային լարվածության պարագայում էլ բանակցել: Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց Կապանից Հադրութ ավտոմայրուղի կառուցելու որոշման առկայության մասին, Մամեդյարովի հայտարարությունը տեղափոխվեց գործնական դաշտ, եղան սպանվածներ և վիրավորներ:

Եվ եթե պարզվի, որ Արայիկին էլ մեր գոտուց են առևանգել, ապա կնշանակի, որ Փաշինյանի ստեփանակերտյան հայտնի հայտարարությունից հետո, թե «Արցախը Հայաստանն է և վերջ», Բաքվի այդ քաղաքականությունը ստանում է երկարաձգված բնույթ: Եվ այդ մասին ակնարկում է ոչ միայն Արայիկի դեպքը. սահմանային կրակոցները շարունակվում են, այդ թվում նաև բուն ՀՀ-ի տարածքների ուղղությամբ, և նախօրեին ունեցանք ևս մեկ վիրավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси