Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինչ–որ մի պաշտոնյա չպետք է արտոնյալ վիճակում լինի. Արաբկիրի թաղապետը՝ ավագանու «Իմ քայլի» անդամին

Ինչ–որ մի պաշտոնյա չպետք է արտոնյալ վիճակում լինի. Արաբկիրի թաղապետը՝ ավագանու «Իմ քայլի» անդամին

18:53 | 09.08.2019 | Քաղաքականություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանի հայտարարությունից հետո Արաբկիրի թաղապետը չի պատրաստվում պաշտոնին հրաժեշտ տալ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը հայտարարեց, որ քաղաքացիները չափազանց դժգոհ են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից։ Ավագանու անդամը նշեց, որ անձամբ դիմել է թաղապետին՝ պարզելու, թե ինչո՞ւ աղբահանության կազմակերպման միջոցառումներ չեն ձեռնարկվում, սակայն հարցը մնացել է անպատասխան։

«Կարծում եմ, որ այդ մարդն իր տեղում չէ եւ չի կարող զբաղեցնել այդպիսի պատասխանատու պաշտոն»,–ասաց Գալստյանը։

Արամ Դանիելյանի խոսքով՝ աղբահանության խնդիրը ոչ միայն վերաբերում է իրենց վարչական շրջանին, այլև ողջ մայրաքաղաքին և միայն Արաբկիրին թիրախավորելը, ճիշտ չէ։

Թաղապետը չհամաձայնեց ավագանու անդամի հնչեցրած այն կարծիքին, որ Արաբկիր վարչական շրջանն աղբահանության վիճակով ավելի վատ վիճակում է, քան մյուս շրջանները։

«Ես կարևորում եմ ցանկացած տեսակի քննադատություն, շնորհակալ եմ, որ ինձ քննադատում են, սակայն կցանկանայի, որ այդ քննադատության տակ լինեն հիմքեր, լինեն հստակ օրինակներ, որ տվյալ դեպքում այսինչ բնակիչը այսինչ օբյեկտիվ դժգոհությունն ունի»,–ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ Տիգրան Գալստյանը դժգոհել էր, որ թաղապետարանը քայլեր չի ձեռնարկել իր մատնանշած տեղը մաքրելու համար։

 «Մարդը դժգոհ է, որ  իր դիմաց չի մաքրվել ինչ–որ կոնկրետ ժամանակահատվածում, սակայն դա ունի օբյեկտիվ պատճառ։ Երբեք չեմ պատկերացրել, որ մի տեղում աշխատանքը պետք է կանգնի, գնան մեկ այլ կետում մաքրեն։ Վարչական շրջանում ապրում են փոխքաղաքապետեր, որոնց տան տեղերը ես նույնիսկ չգիտեմ. նման դեպքերում որևէ մեկին կարևորելը ճիշտ չէ, եթե մի խնդիրն առկա է ամբողջ վարչական շրջանում, ապա ինչ–որ մի պաշտոնատար անձ չպետք է արտոնյալ վիճակում լինի։ Երբևէ չեմ պատկերացրել, որ որևէ իշխանավորի պետք է առանձնահատուկ վերաբերվեմ»,–ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք հրաժարական տալ, Արամ Դանիելյանն արձագանքեց.

«Ես չեմ առաջնորդվում ցանկությամբ. ես իմ աշխատանքն եմ իրականացնում, անլուրջ է ինչ–որ մեկի ցանկության հիման վրա պաշտոնին հրաժեշտ տալը, բա ու՞ր է պատասխանատվությունը։ Ես այս պատասխանատվությունը ստանձնել եմ, որ տրվեմ ցանկությունների՞ն»,–նկատեց թաղապետը։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси