Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտրված ոտքից գիպսը հանել, նետել էր շտաբի դիմաց, միացել զինվորներին. այսօր հետախույզ Զորիկի մահվան 5-րդ տարելիցն է

Կոտրված ոտքից գիպսը հանել, նետել էր շտաբի դիմաց, միացել զինվորներին. այսօր հետախույզ Զորիկի մահվան 5-րդ տարելիցն է

15:08 | 02.08.2019 | Հասարակություն

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում 2014 թվականին, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ զոհված Զորիկ Գեւորգյանի մահվան 5-րդ տարելիցն է այսօր։ NEWS.am-ի հետ զրույցում Զորիկի քույրը՝ Անի Գեւորգյանը, ասաց, որ այս տարի մեծ միջոցառում չի լինելու։ Ընտանիքի անդամները պատրաստվում են այցելել Վանաձորի Զորավոր մատուռ, որտեղ սպասելու են նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին. «Կաղոթենք, ծաղիկներ կխոնարհենք, հետո կգնանք Վանաձորի պանթեոն»։

Ընտանիքի անդամներին երեկ այցելել են Զորիկի զինվորները, զրուցել են, հիշել Զորիկի հետ կապված պատմությունները. «Զորիկի ժպիտն ու բարությունն է, որ անընդհատ մեզ հետ է։ Ու հենց դա է մեզ ապրեցնում։ Իր հավատը, որ պիտի բոլորս վարակվենք այդ հավատով, դա իր հայրենասիրությունն է։ Չկա մի տարի կամ մի ժամանակահատված, որ Զորիկի զինվորները չգան, չզանգեն, չխոնարհվեն։ Իսկ սպայի համար ամենաարժանի սերը, որ կա, որ ապացուցում է՝ ինքը նվիրյալ սպա է եղել, դա հենց իր զինվորների ու իր մարտական ընկերների այցելություններ են։ Երեկ էլի եկել էին զինվորները, պատմում էին, թե ինչպես է ինքը կոտրված ոտքը գիպսից հանել ու գիպսը նետել շտաբի դիմաց, երբ իմացել է, որ իր զինվորները պետք է սահման բարձրանան, ասել է՝ ես իմ զինվորների հետ եմ լինելու, ու գնացել է սահման»։

Հերոսի ընտանիքին մի փոքր սփոփում է նրա զինվորների այցելությունը. «Տպավորություն է, որ զինվորների հետ եկավ, մտավ տուն նաեւ Զորիկը, կռվի դաշտում է, իրենց հետ է, երգում է։ Ամեն անգամ, երբ գալիս են իր զինվորները եւ պատմում Զորիկի մասին պատմություններ, մենք զարմանում ենք իր մարդ տեսակի վրա։ Ապրել ենք միասին ու չենք իմացել, որ հերոսի կողքին ենք, չեն իմացել իր անսահման նվիրումի մասին»։

Հետախույզ Զորիկ Գեւորգյանին ընկերները «Одинокий волк» էին ասում, հետախուզական առաջադրանքների հիմնականում միայնակ էր գնում։ Զորիկին այդ մականունը դուր էր գալիս նաեւ այլ պատճառով։

«Զորիկս գայլ շատ էր սիրում, ասում էր՝ գայլը միակ կենդանին է, որին հնարավոր չէ կրկեսում վարժեցնել»,– պատմում է հետախույզի մայրը։

Մշտապես անհանգստացող մորը Զորիկը միշտ նույն պատասխանով էր հանգստացնում. «Մամ ջան, քո աղոթքն ինձ կպահի»։ Մայրը հավատում էր դրան ու աղոթում, բայց մոր աղոթքը նույնիսկ չկարողացավ փրկել որդուն նրա ճակատագրից։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսների հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունները պաշտպանության նախարարությունն անվանել է «օգոստոսյան հնգօրյա միկրոպատերազմ»։ Նշենք, որ հուլիսի 26-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում էր գործել Մարտակերտի ուղղությամբ։ Զոհվել էր մեկ ժամկետային զինծառայող։ Հուլիսի 31-ի առավոտյան հակառակորդը կրկին հարձակվել էր հացի մեքենայի մոտ շարժվող հայ դիրքապահների ուղղությամբ։ Հայ դիրքապահները անզեն ձեռնամարտի էին բռնվելով թշնամու հետ, զոհվել էր 2 զինծառայող, մեկը՝ ստացել ծանր վիրավորում։ Օգոստոսի 1-ին հայկական զինված ուժերի հատուկ նշանակության խմբերը պատասխան պատժիչ գործողությամբ թշնամու թիկունքում ոչնչացրել էին 8 ադրբեջանցի զինծառայողի։ Օգոստոսի 2-ի գիշերը, նպատակ ունենալով վրեժ լուծել նախօրեին կրած խայտառակության համար, հակառակորդի ուժեղացված խումբը հարձակվել էր այն նույն դիրքի վրա, որի ուղղությամբ հարձակվել էր հուլիսի 26-ին։ Դիրքի պաշտպանությունն այդտեղ այդ գիշեր վստահված է եղել Զորիկ Գեւորգյանին,  իր ենթակայության տակ ծառայող զինվորներին և ժամկետային սերժանտ Սարգիս Մովսիսյանի անօրինակ սխրանքի շնորհիվ՝ ձախողվեց թշնամու նախօրոք մշակված ռազմական պլանը։ Նրանց վարած մարտի շնորհիվ՝ հանկարծակիի եկած թշնամին, կորուստներ տալով, նահանջեց։

Այդ մարտում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվեց Զորիկ Գեւորգյանը։ Սարգիս Մովսիսյանը մահացավ հոսպիտալում։

Զորիկ Գեւորգյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում։ Նա մի շարք մեդալների է արժանացել. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси