Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սաուդյան Արաբիան համաձայնել է ամերիկյան զորք տեղակայել երկրում

Սաուդյան Արաբիան համաձայնել է ամերիկյան զորք տեղակայել երկրում

13:24 | 20.07.2019 | Քաղաքականություն

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորակազմ տեղակայելուն, հայտնում է Reuters գործակալությունը: Միաժամանակ տարածաշրջան զորք ուղարկելու ծրագրերի մասին հայտնել է Պենտագոնը:

ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է Սաուդյան Արաբիա զորակազմ ուղարկելու մտադրության մասին, ինչը բացատրվում է «ի հայտ եկած նոր սպառնալիքների ֆոնին անվտանգության հավելյալ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ»:

Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիա կարող է ուղարկվել 500 զինծառայող: Նման որոշումը բացատրվում է այդ թվում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացմամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները «Պահապան» անվանումով ռազմական գործողություն է մշակում, որը միտված է լինելու Մերձավոր Արևելքում ծովային ուղիներն անվտանգ դարձնելուն:

Պարսից ծոցում գործողության նախապատրաստումը սկսվել է ուրբաթ միջազգային նորմերի խախտման պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից բրիտանական լցանավի կալանման ֆոնին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հավանություն է տվել զորակազմի՝ Սաուդյան Արաբիա ուղարկմանը՝ մերձարևելյան տարածաշրջանում «ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար»: 

Միացյալ Նահանգների ու Իրանի՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի էին սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել: Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси