Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ բժիշկներին չեն վստահում

Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ բժիշկներին չեն վստահում

13:22 | 17.07.2019 | Հասարակություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաառաջնային խնդիրը բժշկական ծառայությունների հարցն է, այսօր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մյուս խնդիրը, ըստ Պաշտպանի, բժշկական անձնակազմի անկախության հարցն է, քանի որ քրեակատարողական հիմնարկներում ոչ մեկ չի վստահում բժիշկներին։

«Դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգը պարզապես այնպես է կառուցված եղել, որ բժիշկն ընդամենը դիտվում է որպես քրեակատարողական ծառայող, ուսադիրներով մարդ, և ազատությունից զրկված անձն էլ նրան չի դիտարկում որպես բժիշկ», - ներկայացրեց Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով, կառավարության որոշմամբ նախորդ տարի ստեղծվել է քրեակատարողական բժշկության կենտրոն, որը «մնաց միայն թղթի վրա»։

«Այդ կենտրոնը փաստացի չգործեց։ Հիմա, վերջերս միջոցներ են ձեռնարկվում կենտրոնի աշխատանքների ակտիվացման ուղղությամբ, բայց դարձյալ արդյունավետ չէ, պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն», - ավելացրեց Արման Թաթոյանը։

Մեկ այլ ուշագրավ խնդիր էլ մատնանշեց Պաշտպանը՝ նեղ մասնագետ բժիշկների առկայությունը, ավելին՝ կան քրեակատարողական հիմնարկներ, որոնցում առհասարակ բժիշկ չկա։

Մեկ այլ խնդիր է այն, որ բժիշկները չեն վերապատրաստվում։

«Սոցիալական ցածր երաշխիքների, ցածր աշխատավարձի պատճառով հնարավոր չի լինում համակարգ ներգրավել որակյալ մասնագետների», - նշեց Արման Թաթոյանը։

Նրա ներկայացմամբ, քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց հետ պատշաճ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չեն իրականացվում, և անձը ստիպված է բացի մեկժամյա զբոսանքից 23 ժամ անցկացնել փոքր, նեղ խցում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси