Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երկու օր հետո հայրն եկավ, ասաց՝ աղջիկս չկա. Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացածը տան միակ աշխատողն էր

Երկու օր հետո հայրն եկավ, ասաց՝ աղջիկս չկա. Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացածը տան միակ աշխատողն էր

18:33 | 11.07.2019 | Հասարակություն

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից մահացած Սոֆյա Ոսկանյանը տան միակ աշխատողն է եղել, նա մաքրուհի էր, ուներ թոշակառու հայր եւ հոգեկան խանգարումով քույր, 2 քույրն էլ ամուսնացած չէին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։ Նշենք, որ ողբերգական ավտովթարից մահացել էր 6 մարդ, սակայն վեցերորդ դիակի ինքնությունը մինչեւ այսօր դեռ պարզված չէր։ Դատագենետիկական փորձաքննության արդյունքում այսօր պարզվել է, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

«Հայրը ոչ լավ քայլում է, ոչ էլ՝ լավ տեսնում։ Երեքով էին ապրում, եւ բավականին անապահով ընտանիք է»,- ասաց նա։

Գյուղապետը պատմեց, որ իրենք գիտեին՝  Սոֆյան Արարատ քաղաք էր գնացել, հորը զգուշացրել էր, սակայն 2 օր լուր չունենալուց հետո, հայրը դիմել է գյուղապետին, որպեսզի սկսեն հետաքրքրվել դստերով։

«Հորն ասել է՝ գնում եմ Արարատ քաղաք։ 2 օր հետո հայրն եկավ, ինձ ասաց՝ աղջիկս չկա, տուն չի եկել։ Ես արդեն գիտեի, որ մեկ չպարզված դիակ կա այդ ավտովթարից։ Սկսեցինք հետաքրքրվել, հորը տարել եմ, ԴՆԹ անալիզ է հանձնել։ Ես եմ ճանաչել դիակը։ ԴՆԹ-ի պատասխանից պարզ դարձավ, որ Սոֆյան է»,-ասաց Օղիկյանը։

«Իրականում, մենք արդեն համոզված էինք, որ չպարզված դիակը Սոֆյան է, քանի որ ինքը 1 օրից ավելի ուրիշ տեղ չէր մնա, ընտանիքին չէր թողնի, գոնե կզգուշացներ։ Կիրակի պետք է դիակը բերեն։ Ինքս պետք է ամենն անեմ, իրենք որեւէ հարազատ չունեն»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Վթարի հետեւանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում են մահացել, մեկը՝ ավելի ուշ հիվանդանոցում։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Հուլիսի 8-ին Toyota Hilux-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը կալանավորվել է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси