Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս պետք է երթևեկությունից հեռացվեն, նախագիծն ԱԺ-ում է. վարչապետ

Վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս պետք է երթևեկությունից հեռացվեն, նախագիծն ԱԺ-ում է. վարչապետ

12:26 | 11.07.2019 | Քաղաքականություն

Նախքան կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց վերջերս տեղի ունեցող ողբերգական ավտովթարներին, որոնց ընթացքում զոհեր եղան:

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում նոր նախագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է, և մենք ԱԺ-ի և Ոստիկանության հետ պետք է քննարկենք, որ հնարավորինս շուտ նախագիծն ընդունվի»,- ասաց վարչապետը:

Նա ասաց, որ հիմա պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի վերահսկողություն: «Հասկանալի է, որ ՀՀ-ում այսօր մեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, աներևակայելի թվով մեքենա կա, և մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, դա բերում է  մարտահրավերների, և այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի այն,  որ ոստիկանությունը ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նակատմամբ: Հաշվի առնելով վերջին դեպքերը՝ չպետք է հանդուրժողականություն ցուցաբերվի այս հարցում, որովհետև խոսքը մարդկանց կյանքի մասին է»,- նկատեց նա, ապա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկել կամ պատրաստվում են ձեռնարկել հարցում շոշափելի փոփոխությունների հասնելու համար:

Օսիպյանն էլ վիճակագրություն բերեց, որ 2011 և 2014 թվականներին ևս տեղի են ունեցել նմանատիպ վթարներ՝ հրդեհով, և էլի շատ զոհեր են եղել: Նա նշեց, որ կամուրջների վրա, այն վայրերում, որտեղ նման վթարներ են լինում, վերակարգ չեն կարող ունենալ:  «Վերջին դեպքը կամրջի վրա է տեղի ունեցել, որտեղ անթույլատրելի է վազանց անել, կայանել, անգամ եթե վնասված կամ փչացած մեքենա է, պետք է վարորդը միջոցներ ձեռնարկի և կամրջից տանի: Ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ թերացումներ էլ լինեն»,- ասաց Օսիպյանը և վիճակագրություն ներկայացրեց:

«Վերջին 10 տարիներին ՃՏՊ-ներն աճելու միտում ունեն, զոհերի և վիրավորների թիվն էլ է աճել: 2018 թվականի ապրիլի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր, 19 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել են 2203 ՃՏՊ, 19 զոհ ավել և 3312 վիրավոր»,- ասաց նա:

Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ, որ մեքենանների ներկրման աննախադեպ աճ կա, Օսիպյանն ասաց, որ պատշաճ տեխզննում չի իրականացվում և որ տեխզննումը ձևական բնույթ  է կրում: «Նախկինում բոլոր կետերով ներկրված մեքենաներն անցնում էին, նոր էին շահագործվում, հիմա ուղիղ ճանապարհին մեքենան կողաշրջվում ու ընկնում է  ձորը, դա նշանակում է, որ մի դետալ փչացել է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ հարցերը պետք է լուծվեն տրամաբանված ռազմավարությամբ և ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով:

Օսիպյանն էլ ասաց, որ միայն բալային համակարգի մեկնարկը կմեկուսացնի պարբերաբար վտանգավոր խախտում կատարող վարորդներին, իսկ կրկին կատարողին ճանապարհային երթևեկության կանոնների գիտելիքները նորից պետք է ստուգել:

«Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, պետք է երկու ուղղությամբ գնալ՝ ընդհանուր ոստիկանության բարեփոխումների փաթեթում մենք ճանապարհային ոստիկանության աշխատանքը, ճանապարհային անվտանգության մասով ոստիկանների աշխատանքը պետք է վերագնահատենք, երկրորդը բալային համակարգի ներդրումն է: Բացի այդ, պետք է քաղ. հասարակության հետ համագործակցել»,- ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси