Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շոգը Եվրոպայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում

Շոգը Եվրոպայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում

15:03 | 02.07.2019 | Հասարակություն

Շոգ եղանակը, որը հունիսի վերջին հաստատվել է Եվրոպայի մի շարք շրջաններում, «մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի համար։ Շոգն արդեն մի քանի ջերմային ռեկորդ է սահմանել Եվրոպայում։ Այս մասին տեղեկացրել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)՝ վերլուծելով վերջին օրերի եղանակային անոմալիաները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ՀՕԿ հրապարակած մամլո ամփոփագրում պարզաբանվել է, որ «առայժմ շուտ է ջերմային ալիքը կապել կլիմայի փոփոխության հետ»։  Միեւնույն ժամանակ, ներկա իրավիճակը «համապատասխանում է կլիմայական սցենարներին, որոնք կանխատեսում են ավելի հաճախակի, երկարատեւ եւ ինտենսիվ շրջաններ՝ հաշվի առնելով, որ ջերմոցային գազերի խտացումը տանում է գլոբալ ջերմաստիճանների բարձրացման»։

Հունիսի 28-ին ֆրանսիական Գալարգ լը Մոնթյուո քաղաքում գրանցվել է Ցելսիուսի 45,9 աստիճան։ Սա ամենաբարձր ջերմաստիճանն է Ֆրանսիայի տարածքում երբեւէ գրանցվածներից։ Երկրի 13 օդերեւութաբանական կայան գրանցել է նախորդ ազգային ռեկորդի գերազանցում, որը կազմում էր 44,1 աստիճան եւ եղել է 2003-ի օգոստոսին։ Սահմանվել է նաեւ երկրի միջին օրական ջերմային ռեկորդ՝ 27,9 աստիճան։ Մի շարք վայրերում սահմանվել են տեղական ռեկորդներ կամ հունիսի ռեկորդներ։

Գերմանիայում նոր ջերմային ռեկորդը հունիսի 30-ից կազմում է 39,6 աստիճանը։ Գերմանական օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով՝ 243 օդերեւութաբանական կայաններում գրանցվել են շոգի տեղական առավելագույն ցուցանիշներ, ընդ որում, 223 կայաններում՝ 35 աստիճան եւ ավելի բարձր։

Ավստրիան ամենաշոգ հունիսն է ապրել իր օդերեւութաբանական դիտարկումների պատմության ընթացքում, ջերմաստիճանը միջինը 4,5 աստիճանով բարձր է եղել միջին մեծություններից։ Շվեյցարիայում, համաձայն 85 կայաններից 43-ի տվյալների՝ սահմանվել են հունիսի ռեկորդներ, իսկ վեց կայան գրանցել է բացարձակ ռեկորդներ։ Դավոսի լեռնադահուկային հանգստավայրում 1594 մետր բարձրության վրա ջերմաստիճանի սյունը բարձրացել է 29,8 աստիճանի։ Չեխիայում նոր ազգային ռեկորդ՝ 38,9 աստիճան, սահմանվել է հունիսի 26-ին։ Ռեկորդների մասին հայտարարել է նաեւ Լեհաստանը։

Այս շաբաթ օդերեւութաբանները Եվրոպայի կենտրոնական հատվածներում սպասում են 3-6 աստիճանով բարձր ջերմություն երկարատեւ ժամանակի համար, իսկ Եվրոպայի մյուս հատվածներում՝ 1-3 աստիճանով բարձր։ Արեւելյան Եվրոպայում ջերմության ալիքները կարող են ուղեկցվել երաշտով։ ՀՕԿ-ում հիշեցնում են, որ ջերմության ներկայիս ալիքը Եվրոպայում հաջորդել է «Ավստրալիայում, Հնդկաստանում, Պակիստանում եւ Մերձավոր Արեւելքի որոշ շրջաններում ծայրահեղ ջերմային երեւույթներին»։ Սպասվում են ջերմության նոր ալիքներ Հյուսիսային կիսագնդում, կանխատեսում են փորձագետները։ Ավելի վաղ ՀՕԿ-ը տեղեկացրել էր, որ օդերեւութաբանները հինգերորդ տարին անընդմեջ գրանցում են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ ողջ աշխարհում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси