Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ոտքերս ուռել են». Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

«Ոտքերս ուռել են». Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15:29 | 25.06.2019 | Հասարակություն

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Ընդմիջումից հետո Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում.

«Ոտքերս էլ են ուռել»,–ասաց նա։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ անվասայլակին երկար նստելուց հետո իր պաշտպանյալի ոտքերը ուռել են և բժիշկները նրան ցուցում են տվել պառկել։

Այսպիսով դատարանը որոշեց այսօրվա դատական նիստը հետաձգել և նշանակել հունիսի 2-ին ժամը 12–ին։

Նշենք, որ Գրիգորյանին այսօր դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճ՝ անվասայլակով։ Նիստի ընթացքում նրան արհեստական շնչառության սարք էր միացված։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси