Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու դատախազների միջնորդության լուծումը

Դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու դատախազների միջնորդության լուծումը

13:22 | 25.06.2019 | Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում որոշում կայացրեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդության լուծումը։

Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազները միջնորդել էին Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պնդելով, որ այն բխում է Գրիգորյանի շահերից:

Դատախազները միջնորդել էին փորձագիտական հանձնաժողովին հղելով հետեւյալ հարցերը. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որեւէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով համապատասխանում է արդյոք ՀՀ Կառավարության 2006 թվականի որշման հավելվածում նախատեսված պատիժը կրլեւոն խոչընդոտող ծանր հիվանդություններին։

Այսօրվա նիստում Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը դիրքորոշում հայտնեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

Նա Գրիգորյանին առաջադրված յուրացումներ կատարելու մեղադրանքը համարեց հնարածին և Գրիգորյանի պատվին ու արժանապատվությանն ուղղված քայլ։

«Անձին մեղադրում են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու մեջ, մինչդեռ նա իր բոլոր ձեռնարկությունները հանձնել էր հավատարմագրային կառավարման, ինչի պարագայում չէր կարող թաքցնել կամ խուսափել հարկեր վճարելուց»,–հայտարարեց պաշտպանը՝  հարկերից խուսափելու մեղադրանքը անհեթեթ որակելով։

 Պաշտպանը միաժամանակ նկատեց, որ թեև Գրիգորյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն ցանկություն է հայտնել  իր կողմից պատճառված ենթադրյալ վնասի հնգապատիկի չափով նվիրատվություն անել պետությանը։

 «Մանվել Գրիգորյանի, Նազիկ Ամիրանի և նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով»,–ասաց նա։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси