Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ շոգի պատճառով

Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ շոգի պատճառով

16:41 | 24.06.2019 | Հասարակություն

Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին զգուշացրել է շոգի վերահաս ալիքի մասին երկրի ամբողջ տարածքում։ Երկուշաբթի օրվանից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակ է հայտարարվել Փարիզում եւ հարեւան «փոքր թագի» դեպարտամենտներում, ինչպես նաեւ Սենա-ի-Մառնա դեպարտամենտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նարնջագույն» երկու գոտիներում կանխատեսվում է Ցելսիուսի 31 աստիճան։ Մինչեւ շաբաթ օրը հարավում, կենտրոնական շրջաններում եւ մասամբ հյուսիսում օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 41 աստիճան շոգ։ Հարավային քաղաքներում արդեն զգացվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, բայց այնտեղ իրավիճակը մեղմվում է ծովի մոտիկությամբ։

Ինչպես տեղեկացրել է France Info ռադիոկայանը, այս շաբաթ սնդիկի սյունը Ֆրանսիայում կհասնի հունիսի համար առավելագույն ցուցանիշի 1947 թվականից ի վեր։ Շոգը երկիր է գալիս Սահարայի անապատից։

Ինչպես կարծում են փորձագետները, բարձր խոնավության պատճառով երկրի մեծ մասում ջերմաստիճանը կընկալվի որպես Ցելսիուսի 48 աստիճան։

Էլեկտրոնիկայի եւ այլ խանութների վաճառողները խոշոր քաղաքներում արդեն նշում են օդափոխիչների, հատակին ամրացվող օդորակիչների ռեկորդային վաճառքի մասին։ Փարիզում գետնին ամրացվող օդորակիչների պահանջարկը պայմանավորված է նաեւ խիստ կանոններով, որոնք արգելում են փչացնել քաղաքի պատմական տեսքը սառեցման համակարգերի դրսային կախովի բլոկներով:

Մայրաքաղաքի իշխանություններն արդեն հայտարարել են եղանակային վտանգի չորս հնարավոր մակարդակներից երրորդի մասին՝ կապված շոգի ալիքի հետ եւ շտապ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի բարելավեն պայմանները հենց փողոցներում։ Ամենահետաքրքիր նորամուծություններից մեկը «երկուսը մեկում» 35 շատրվանների տեղադրումն է. ջուր կուտակելու իրենց հիմնական խնդրից բացի դրանք նաեւ կկարողանան ջուրը ցայտեցնել հովանալ ցանկացողների վրա։ Եվս երկու շատրվան 1,2 հազարից, որոնք կտեղակայվեն քաղաքում, կսարքավորվեն «մառախլագեներատորներ», որոնք նույնպես մանր շիթեր կարձակեն։

Քաղաքապետարանը խոստանում է շուրջօրյա բաց պահել 13 խոշոր այգիները, եւս հինգը կբացվեն, եթե բարձր ջերմաստիճանը պահպանվի։ Իշխանությունները նաեւ հիշեցնում են այն մասին, որ քաղաքում արդեն շուրջօրյա ռեժիմով աշխատում է 124 այգի։ Թոշակառուների եւ հաշմանդամների, ինչպես նաեւ խոցելի այլ քաղաքացիների համար նախատեսված է անվճար կեցություն հատուկ շինություններում, որոնցում օդորակիչներ են տեղադրված՝ ակումբ ռեստորաններում, ծերանոցներում եւ քաղաքապետարանների շրջակա սրահներում։

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Le Journal du Dimanche թերթի հարցազրույցում ասել է, որ նման երեւույթներին դիմակայելու համար նա ջանում է լրջորեն բարձրացնել կանաչ տնկիների չափերը քաղաքում՝ քաղաքի ընդհանուր մակերեսի 50 տոկոսի չափով։ Նա հիշեցրել է, որ դա մասամբ ձեռք կբերվի ի հաշիվ ասֆալտապատված եւ սալիկապատված հրապարակների ու շրջանաձեւ խաչմերուկների, ինչպես նաեւ առանձին կայանտեղիների ու շենքերի տանիքների։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси