Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բնապահպանները բաց նամակով դիմել են արքայազն Չառլզին

Բնապահպանները բաց նամակով դիմել են արքայազն Չառլզին

12:29 | 28.05.2013 | Հասարակություն

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է բրիտանական արքայազն Չառլզին եւ նշել, թե բրիտանական ներդրումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ հակասում են նրա գաղափարներին:

«Ձերդ մեծություն, ողջունում ենք Ձեզ մեր երկրում եւ մաղթում հաճելի տպավորություններ: Հասկանում ենք, որ Ձեր այցը մասնավոր է, սակայն ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ձեզ հյուընկալող անձի եւ Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված մի քանի խնդրի վրա, որոնք խիստ մտահոգում են Հայաստանի հանրությանը եւ ներքոստորագրյալներիս:

Արմեն Սարգսյանը, ում մասնավոր հրավերքով գտնվում եք Հայաստանում, նորաստեղծ «Լիդիան Ինթերնեշընըլ» հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, նախկինում աշխատել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում, որը ՀԲ Գրուպի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համաֆինանսավորում է Լիդիան Ինթերնեշընըլը: Այս ընկերությունը նպատակ ունի Հայաստանի հարավում՝ առողջարանային հայտնի գոտու սահմանին շահագործել ոսկու հանքավայր: Թեեւ ոսկին շահագործելու թույլտվությունների հետ կապված ավարտվել է պաշտոնական գործընթացների ընդամենը մի մասը, Հայաստանի հանրությունը վիճարկում է դրանց արդյունքում ընդունված որոշումները եւ ծրագիրը համարում ապօրինի:

Մենք գիտենք, որ դուք բնապահպանական խոշոր գործունեություն եք ծավալում, հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության, հանդիսանում եք Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի ֆինանսավորողներից եւ պատվավոր նախագահներից մեկը, ուստի հարկ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիայի Չենըլ Այլընդզում գրանցված ընկերության եւ Ձեր ընկեր Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հանքարդյունաբերական գործունեությունն իսկական աղետ է ինչպես Հայաստանի բնակչության, այնպես էլ՝ կենսաբազմազանության համար: Հանքավայրում՝ Ամուլսարում, անտառներ չկան, չնայած մեր կառավարությունը եւ մասնավոր ընկերությունները պատրաստ են նաեւ անտառներ վերացնել հանուն հանքարդյունաբերության, ինչպես արեցին Հայաստանի հյուսիսում՝ Թեղուտում: Սակայն համաձայն WWF հայաստանյան մասնաճյուղի՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում կան ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ եւ բուսատեսակներ, այդ թվում՝ կովկասյան գորշ արջ, հայկական մուֆլոնը, բեզորարյան այծ: Հայաստանյան օրենսդրությունը խստիվ արգելում է տնտեսական վնասաբեր գործունեություն այն տարածքներում, որտեղ գրանցված են ՀՀ Բույսերի եւ Կենդանիների Կարմիր գրքերում ընդգրկված բուսա- եւ կենդանատեսակներ:

Հարկ ենք համարում շեշտել, որ հանքավայրը տեղադրված է մինչեւ 2008թ. պլանավորման եւ սահմանման ընթացքում գտնվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում, որի վերջնական հաստատման եւ օրենքով պահպանվող տարածք դարձնելու աշխատանքները հանկարծակի ընդհատվեցին հանքավայրի բացահայտման հետ մեկտեղ: 2012թ. WWF-ի պատվերով անկախ խորհրդատուների կազմած՝ Ազգային պարկի իրագործելիության հետազոտության մեջ նշվում է, որ տարածքում արդեն զարգացած տուրիզմը ավելի խթանելով հնարավոր կլիներ ապահովել նույնքան տնտեսական եկամուտ, որքան նախատեսվող հանքարդյունաբերությունից՝ առանց վտանգելու շրջակա միջավայրը եւ թունավորելու առանց այն էլ հանքարդյունաբերության բացասական հետեւանքներից տուժող Հայաստանը: Հանքավայրը շահագործելը չի մտնում տարածաշրջանի զարգացման եւ ո՛չ մի ծրագրի մեջ, ավելին՝ հակասում է հանքավայրից 10կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաք Ջերմուկի ավագանու որոշմանը, որը դեմ է հանքի շահագործմանը:

Ի դեպ, Ջերմուկը ողջ աշխարհում հայտնի է որպես բուժիչ հանքային ջուր, եւ որեւէ կանխատեսում չկա, թե նախատեսվող պայթեցումները ինչ ազդեցություն կունենան վերգետնյա եւ ստորգետնյա ջրերի վրա: Հանքավայրը նաեւ գտնվում է Հայաստանի մարգարիտ համարվող քաղցրահամ Սեւանա լճի ջրհավաք ավազանում, որը պաշտպանված է օրենքով, եւ որեւէ տնտեսական գործունեություն լճի ավազանում չի թույլատրվում: Ամենամեծ վտանգը Սեւանա լճին կարող է տեղի ունենալ երկրաշարժի կամ մարդածին վթարի դեպքում, եթե թունավոր նյութերն արտահոսեն դեպի լիճ: Սա չի բացառվում, քանի որ հանքավայրը գտնվում է 10 բալանոց սեյսմիկ գոտում:

Ձեր մտերիմները կփորձեն Ձեզ համոզել, որ բրիտանական ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են, աշխատատեղեր են ստեղծում եւ այլն: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են այլ ոլորտների զարգացման պարագայում ստեղծվելիք տնտեսական շղթաների ու դրանց բազմապատկիչ էֆեկտի հետ համեմատած: Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ընդամենը 3 տոկոսը: Ակադեմիական հետազոտությունները վկայում են, որ այն տարածաշրջաններում, որտեղ տնտեսության հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը խորանում են: Սոցիալական դրական ազդեցության մասին պնդումները Հայաստանի պարագայում անհիմն են, քանի որ բնական ռեսուրսների շահագործումից, այլ կերպ ասած՝ մի ժողովրդի հավաքական ունեցվածքի թալանից, հարկերի տեսքով մենք ստանում ենք չնչին գումարներ՝ շահույթի գրեթե 25 տոկոսը, եւ զրկվում տնտեսական այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից՝ հողերի զավթման, ջրերի թունավորման, բնակչության առողջական վիճակի անկման պատճառով: Այս ոլորտը Հայաստանում պատշաճ չի կարգավորվում, միակ «արգասիքը» միլիոնավոր տոննաներով թունավոր թափոններն են, որոնք որպես «նվեր» թողնում են հանքարդյունահանող ընկերությունները մեր բնակչությանը:

Ձերդ մեծություն, խնդրում ենք Ձեզ, որպես բնության պահպանության ջատագով, զերծ մնալ Ամուլսարի հանքի հետ կապված որեւէ գործողությունից, որը պիտի հաստատի առկա նախագիծը եւ իրականություն դարձնի վերը նշված վտանգները: Միեւնույն ժամանակ, խնդրում ենք, ազդեցության Ձեր սահմաններում, միջամտել բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագրի հարցում եւ կանխել այն՝ միեւնույն ժամանակ խթանելով բրիտանական ներդրումները Հայաստանում կանաչ տնտեսության մեջ»,- ասված է նամակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси