Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վերաքննիչում ընթանում է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչում ընթանում է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքի քննությունը

11:55 | 12.06.2019 | Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ ընթանում է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ մարտի 11-ի որոշումը, որով նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։ Պաշտպանը միջնորդեց կայացնել նոր դատական ակտ, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իր կողմից կայացված հետախուզում հայտարարելու որոշումը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 2018թ.  հոկտեմբերի 30–ին։

 Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 3–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշում է կայացրել մերժել «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի՝  նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Մինչ այդ առաջին ատյանի դատարանը երկու անգամ որոշում էր կայացրել կալանավորել Հարությունյանին, որը սակայն Վերաքննիչ ատյանը բեկանել էր։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Վահագն Հարությունյանը նախորդ տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси