Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մանվել Գրիգորյանի վիճակը թույլ չի տա նրան դուրս գալ հիվանդանոցից եւ մասնակցել դատին. ԲԿ–ի տնօրեն

Մանվել Գրիգորյանի վիճակը թույլ չի տա նրան դուրս գալ հիվանդանոցից եւ մասնակցել դատին. ԲԿ–ի տնօրեն

16:36 | 10.06.2019 | Հասարակություն

Հունիսի 6–ին կալանավայրից ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին NEWS.am–ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

Գրիգորյանի վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն–ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Բժիշկների  ջանքերի շնորհիվ նրա մոտ դրական դինամիկա կա, երբեմն սենյակում մի փոքր քայլում է»,–ասաց նա՝ նշելով, որ Գրիգորյանի արյան մեջ շաքարի ցուցանիշը 28–ից իջել է 20–ի։

ԲԿ–ի փոխտնօրենը նշեց, որ ամենայն հավանականությամբ Գրիգորյանին մեկ–երկու օրից կտեղափոխեն հիվանդասենյակ։

Հարցին, թե նա կարո՞ղ է արդյոք դուրս  գալ  հիվանդանոցից եւ վաղը դատարանում մասնակցել իր վերաբերյալ քննվող գործի քննությանը, Մանուկյանը պատասխանեց.

«Իր վիճակը թույլ չի տա հիվանդանոցից դուրս գալ, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,–ասաց նա։

Նշենք, որ վաղը՝ հունիսի 11–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախատեսված է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси