Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Բաքվի «սեւ ցուցակն» իմ ծիծաղն է առաջացնում. Իմ սիրտն այս կողմում է». Պոզները պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

«Բաքվի «սեւ ցուցակն» իմ ծիծաղն է առաջացնում. Իմ սիրտն այս կողմում է». Պոզները պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

18:00 | 28.05.2019 | Հասարակություն

Երեւանը անճանաչելիորեն փոխվել է. այն դարձել է գեղեցիկ, ժամանակակից եւ գրավիչ քաղաք: Այս մասին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները:

«Ինչ վերաբերում է աչքերի թախիծին, դրա հետ ոչինչ չես անի: Հայ ժողովուրդը շատ ծանր պատմություն է ունեցել եւ շատ զարմանալի է, որ չի կործանվել, թեեւ կարող էր: Մարդկանց աչքերում արտահայտվում է այդ ողբերգական եւ հերոսական անցյալը: նույնը կտեսնեք հրեաներին աչքերում»,-ասել է նա:

Պոզները նշել է, որ իրեն շատ է գրավում հայերի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել, գոյատեւել բառացիորեն քարքարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, եւ այդուհանդերձ ուրախ լինել. «Հայերը շատ խելացի ժողովուրդ են, եւ դա ինձ շատ է գրավում: Ես մեծ համակրանքով եմ վերաբերվում Հայաստանին ու հայերին»:

Հայտնի լրագրողը նշել է, որ Հայաստանում է եղել նաեւ 2015-ին, սակայն ափսոսում է, որ ոչ այն ժամանակ, ոչ հիմա չի հասցրել լինել Արցախում. «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կգնայի, բայց չեմ հասցնում։ Կգնայի, թեկուզ որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում` պարոնայք ադրբեջանցիները, հասկանային, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն: Այդ «սեւ ցուցակն» իմ ծիծաղն է առաջացնում: Դե կգրանցեն ինձ իրենց «սեւ ցուցակում»: Կարծում եմ, որ ես կշարունակեմ հանգիստ քնել գիշերները»:

Պոզները նաեւ պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին՝ նշելով, որ Փաշինյանի համար շարունակում է կարեւոր մնալ իր` լրագրողի մասնագիտությունը:

«Նա անգամ հատուկ ընդգծում էր, որ լրագրող է: Չասաց նախկին, այլ ասաց, որ լրագրող է: Ես անգամ ցանկացա նրան ասել, որ չի կարելի լինել միաժամանակ լրագրող եւ վարչապետ։ Զգացվում էր, որ դա իր համար շատ կարեւոր է:

Նա շփումների մեջ շատ պարզ մարդ է, նրա հետ հաճելի է զրուցելը։ Նա նաեւ լսել է կարողանում, իսկ դա հազվադեպ է լինում նման դիրք ունեցող մարդկանց դեպքում։ Շատ համակրելի մարդ է», – ընդգծել է  Պոզները։

Նշենք, որ Պոզները Հայաստան էր ժամանել մայիսի 22-ին։ Հինգշաբթի նա վարպետության դաս է անցկացրել Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանողների համար, այնուհետեւ` երեկոյան տեղի է ունեցել նրա` «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси