Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունի

Մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունի

18:37 | 27.05.2019 | Քաղաքականություն

Թե՛ դատական համակարգում, թե՛ համակարգից դուրս երեւի մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ։ Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին այսպես բացատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոխման որոշումները իր հետ կապելու պատճառը։

«Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել ինձ հետ, քանի որ գործը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ինչ–որ տեղ կարելի էր հասկանալ, որ մարդիկ կարող էին որոշակի հետեւություններ անել՝ հաշվի առնելով որ ես հանդիսանում եմ Վերաքննիչ դատարանի նախագահ, բայց այս դեպքում չեմ կարողանում հասկանալ, քանի որ ես գործը քննող դատավորին չեմ ճանաչում, ճանաչում եմ որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ, թե միջնորդավորված, թե ուղղակի կամ անուղղակի կապի մեջ չեմ եղել»,–նշեց նա։

Հարցին, թե ինքը ում է խանգարում, իրեն կապո՞ւմ են նախորդ իշխանությունների հետ, Ռշտունին պատասխանեց. «Նախկին իշխանության հետ բոլորին կարող են կապել, որոնք աշխատում են դատավոր եւ նշանակվել են, օրինակ, 1 տարի առաջ, ես էլ եմ այդ ժամանակ նշանակվել, 10 տարուց ավելի դատավոր եմ աշխատում, հիմա եթե ինձ կապում են, որովհետեւ այն ժամանակ դատավոր եմ աշխատել, կարող են կապել, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես շահագրգռվածություն ունեմ այդ գործով, այդ դեպքում կարծում եմ՝  մեր ուժային կառույցները եթե ունեն տեղեկություն  իմ շահագրգռվածության, գործերի վրա ազդելու մասին, խնդրեմ թող օգտագործեն»։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը վստահեցրեց՝ եթե իմանա իր նկատմամբ բացասական է կարծիքը, հրաժարական կտա. «Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում թե՛ մարդկային գործունեության ընթացքում, թե՛ շփումներում փորձում եմ լինել արդար, թե արդար լինելու իմ փորձերը որքանով են արդարացված կամ չարդարացված, առաջին գնահատականը պետք է տա մամուլը, մամուլի գնահատականն էլ պետք է պայմանավորված լինի իրավաբանական համայնքի գնահատականով, թե արդյոք դատախազները, փաստաբանները ինչ գնահատական ունեն իմ անձի նկատմամբ որպես դատավորի եւ նաեւ իմ վարքագծի նկատմամբ, թե դատական նիստերի ժամանակ ես ինչ վարքագիծ եմ դրսեւորում։ Եթե ես հասկանամ, որ իրավաբանական հանրությունը ինձ չի վստահում, բացասական է մարդականց կարծիքը, եթե ես հասկանամ, որ իմ գործունեությունն ընդունելի չէ, չեմ աշխատի»։

Նա շեշտեց՝ խնդիրներ, սխալներ բոլոր մարմիններում կարող են լինել. «Եթե մարմինը գործում է կլինեն բացթողումներ, կլինեն սխալներ»։

Ռշտունին վստահեցնում է՝ երբեւէ զանգով չի կայացրել եւ չի կայացնի որեւէ դատական ակտ. «Մեկին գտեք, որ կասի՝ ես որեւէ դատական ակտ եմ կայացրել զանգի միջոցով։ Ես երբեւէ ոչ զանգի միջոցով եմ դատական ակտ կայացրել, ոչ կայացնում եմ, ոչ էլ կայացնելու եմ։ Ոչ նախկինում են զանգել, ոչ էլ հիմա են զանգում»։

Դատարանի նախագահի կարծիքով՝ իրենք ամեն օր են վեթթինգի ենթարկվում. «Մենք ամեն օր վեթթինգի ենք ենթարկվում ։ Եթե խոսքը դատական համակարգը առողջացնելու մասին, միգուցե նստենք մտածենք, թե ինչ քայլեր կարելի է անել, որ դատական համակարգն ավելի լավ աշխատի։ Բայց ես որքանով որ հասկանում եմ, վեթթինգի իմաստը որոշելն է, թե որ դատավորը կարող է աշխատել, որ դատավորը չի կարող աշխատել որպես դատավոր»։

Նկատառմանը, որ նպատակը պարզելն է, թե ով ինչ ծագումնաբանություն ունի, նա արձագանքեց. «Դրանով պայմանավորված, ես չեմ խոսում գիտելիքների մասին»։

Հարցին՝ ինքը թաքցնելու բան ունի՞, նա պատասխանեց. «Կյանքում բոլորը թաքցնելու բան ունեն, եթե խոսքը անձնական կյանքին է վերաբերում, ինչ վերաբերում է իմ հրապարակային կյանքին, ես թաքցնելու բան չունեմ»։

Ռշտունին վստահեցրեց՝ երբեւէ իր դատական գործունեությունը չի օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք որեւէ օգուտ ձեռք բերելու համար. «Իմ ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում մեր ընտանիքը ունի կարողություն, որի մասին բոլորը գիտեն, չենք թաքցնում։ Ես երբեւէ իմ գործունեությունը չեմ օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք որեւէ օգուտ ձեռք բերելու համար։ Եթե կան տվյալներ, որ դատավոր աշխատելու տարիներին ես որեւէ օգուտ եմ ստացել, թող վեթթինգի էլ ենթարկվեմ, ինչ ուզում են թող անեն»։

Հիշեցնենք, որ նախկինում մամուլում տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են 3 դատավորներ, դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси