Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ես չէի կարող հետեւել Լեւոն Երանոսյանի գործողություններին. Օսիպյան

Ես չէի կարող հետեւել Լեւոն Երանոսյանի գործողություններին. Օսիպյան

16:37 | 23.05.2019 | Հասարակություն

Ես ծանոթ չեմ, միգուցե ծանոթանամ, իմ կարծիքը հայտնեմ, գուցե դա իր կարծիքն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ խոսելով նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի այն հայտարարության մասին, թե  2018 ապրիլյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների արդյունքում ապահովվեց իշխանության անցնցում փոխանցումը։

«Այդ պահին ոստիկանությունը գործել է իր մասնագիտական գործառույթների սահմանում, առաջնորդվել է օրենքով, բախում չի եղել»,–նշեց Օսիպյանը։

Իսկ հարցին, թե ինչու է Լեւոն Երանոսյանը քրեական հետապնդման ենթարկվում, եթե իր գործողությունները օրինական են եղել, նա անորոշ պատասխան տվեց.  «Տեղեկացված չեմ, ես ժամանակ չունեմ»։

Դիտարկմանը, որ ինքն էլ է այնտեղ եղել, Լեւոն Երանոսյանը անօրինական, անթույլատրելի արարք թույլ տվել է, Օսիպյանն ասաց. «Ես բավականին անելիք ունեի, ես չէի կարող հետեւել Լեւոն Երանոսյանի գործողություններին, ես այս պահին չեմ հիշում, թե նա ինչով էր զբաղված»։

Հարցին՝ կներկայանա՞ դատարան, եթե պաշտպանական կողմի ՝ ոստիկանապետին որպես վկա ներգրավվելու  միջնորդությունը բավարարվի, նա պատասխանեց.

«Երբ դատարանը կորոշի, այն ժամանակ կխոսենք»։  

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լեւոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում եւ դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետեւանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լեւոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից եւս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси