Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հասունացել է ժամանակը՝ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու. Փաշինյան

Հասունացել է ժամանակը՝ 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու. Փաշինյան

13:47 | 20.05.2019 | Քաղաքականություն

Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

Այս մասին կառավարությունում դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում նշել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:

Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

Ամփոփելով Արցախ-Հայաստան թեման՝ կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ եւ աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ եւ աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси