Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խուսափե՛ք փողոցում պատրաստվող եւ վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Քաղաքապետարան

Խուսափե՛ք փողոցում պատրաստվող եւ վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Քաղաքապետարան

13:23 | 20.05.2019 | Քաղաքականություն

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների:

Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: 

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտուրն արգելելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առեւտրի այս տեսակը եւս կանոնակարգելու համար:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք դադարեցնել ապօրինի առեւտուրը: Մեր պահանջից հետո եղան անձինք, որոնոք անմիջապես ենթարկվեցին, սակայն ոմանց համար դա բարձր եկամտաբերության գործունեություն է, եւ ամեն գնով փորձեցին չենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվեցին ոստիկանության բաժին՝ օրինական պահանջները չկատարելու համար: Նշեմ նաեւ, որ այդ անձանցից մեկի մոտ ոստիկանության բաժնում իրականացված զննությամբ հայտնաբերվել է դանակ եւ կռփազենք, եւ այդ փաստի առիթով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաեւ խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:

«Եղավ նաեւ այնպիսի անձ, որը եկավ բարոյահոգեբանական, այսպես ասած, աջակցություն ցուցաբերելու այդ առեւտրականներին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գարեջրի շիշը ձեռքին, բարձրացավ նորաբաց այգու մայթին՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այստեղ զբոսնող քաղաքացիների հանդեպ: Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես արձագանքեց, եւ անձը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Բացի այն, որ փողոցային առեւտրի այս տեսակն ապօրինի է, այն նաեւ վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող եւ վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց:  

«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» եւ որը գայթակղում է երեխաներին, թեեւ իրենից վտանգ է ներկայացնում: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբեւէ չե՞ն ախտահանվում: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամքերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը: 

Թեեւ անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում են օգտվել դրանից: Հարցումների ընթացքում լսեցինք տարբեր կարծիքներ:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտուրն արգելելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մինչ օրս վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 300 արձանագրություն է կազմել:

«Անզիջում է լինելու այդ պայքարը, եւ այդ պայքարում մենք պայմանականորեն տարանջատել ենք երկու խումբ. առեւտրականների մեջ կան անձինք, ովքեր իրականում սոցիալապես անպահով վիճակում են, տարեցներ են, ունեն հացի խնդիր: Այդ անձանց հետ մենք տանում ենք բացատրական աշխատանք, ուղղորդում ենք դեպի շուկաներ, միջոցներ ենք ձեռնարկում նոր շուկաների ստեղծման համար: Սակայն կա նաեւ անձանց մի խումբ, որն ամեն գնով փորձում է զբաղվել ապօրինի առեւտրով: Մենք այդ անձանց նկատմամբ լինելու ենք անզիջում, բացարձակապես թույլ չենք տալու մեր քաղաքը վերածել արեւելյան շուկայի»,- ընդգծում է քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարումների վարչության պետը:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առեւտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին,  քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր եւ իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առեւտրի վերացումը մեծապես նաեւ այս վերաբերմունքից է կախված:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси