Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինձ ասում են, որ կարող եմ խանգարել քննությանը, ինձ համար դա վիրավորական է. Ռոբերտ Քոչարյան

Ինձ ասում են, որ կարող եմ խանգարել քննությանը, ինձ համար դա վիրավորական է. Ռոբերտ Քոչարյան

18:23 | 16.05.2019 | Հասարակություն

Դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունը, ազդեցությունը դիտում է որպես բացասական երևույթ: Այս մասին իր խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դատական նիստին հայտարարեց «Մարտի 1»-ի գործող մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս քրեական գործը նման է մի իրավիճակի. ուղտին հարցրել են, ասել են՝ ինչի՞ ա ծուռ, ասել ա՝ իսկ իմ ի՞նչն ա ուղիղ»,- ասաց նա՝ նշելով, որ կյանքում ոչ մի բանի չհասած պետք է լինես, որ ազատության մեջ լինե՞ս:

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրություն ունեցող մարդու մասին ասել, որ կարող է փախչել: Իրենք ո՞ւր էին: Պատերազմից չեմ փախել, մահից չեմ փախել, հիմա իրենցի՞ց պետք է փախչեմ, ո՞վ են իրենք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ իր համար վիրավորական է, երբ որևէ մեկն ասում է, թե ինքը կարող է փախչել. «Ինձ խստագույնս վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»:

Դատավորն ասաց, թե մարդը ելույթ ունենալիս պետք է կոռեկտ լինի, ինչին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ ինքը չի հայհոյում, ոչ նորմատիվ բառապաշար չի օգտագործում, ո՞րն է խնդիրը:

«Ասում են՝ կատակ չպետք է ասես, ինչո՞ւ: Դա մեր լեզվի բաղադրիչ մասն է, եթե մեր դատական պրակտիկայում նման բան կա, ցավալի է»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ Երևանի տարածքը 2 տոկոս է կազմում Հայաստանի ամբողջ տարածքից: Արտակարգ դրությունը հայտարարվել է 1 բնակավայրում, ՀՀ տարածքի 2 տոկոսում:

«Նշվում է՝ մամուլի ազատության մասին և այլն, և այլն, և այլն: ՀՀ 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, մնացածն առանց խափանման աշխատել են: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել: Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները գործել են 1002 բնակավայրերից մեկում՝ Երևանում, ՀՀ տարածքի 2 տոկոսում:

2008թ.-ին ՀՀ-ում կար 39 թերթ, որից 15-ին է վերաբերել սահմանափակումը: Որևէ այլ քաղաքում սահմանափակումներ հանրահավաք անելու, հանդիպելու չեն եղել:

Ճիշտ է, այն ժամանակ չի եղել օրենք, բայց եղել է Սահմանադրության հոդված, բայց դրա մասին չէ խոսքը, գործող օրենքի համեմատությամբ հրամանագիրը կիրառել է սահմանափակումների շատ փոքր մասը: Այսօրվա գործող օրենքի 1/3-րդն էր այդ տարիների հրամանագիրը: Ինչ արվել է, արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս:

Խոսելով կալանավորման հիմքերի մասին՝ Քոչարյանն ասաց. «Ինձ ասում են, որ ես կարող եմ խանգարել քննությանը: Ենթադրվում է, որ ազդեցություն կարող եմ ունենալ օրգանների վրա: Երևի այս դահլիճում ինձնից լավ այս քրեական գործը ոչ մեկը չի ուսումնասիրել: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ես ուրիշ բան չունեի անելու: Մեղադրող կողմը կարո՞ղ է հստակեցնել՝ կոնկրետ որ ցուցմունքների փոփոխությունն է առանցքային մեղադրանքի համար:

Չպետք է իմ ազատության հաշվին այդ ֆունկցիան իրականացվի: Եթե ասեն՝ 200 հոգի է, էլի կհասկանամ: Այս ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատար դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: Կան դրական ցուցմունքներ, կա ինձ հետ շփվող մարդկանց ընդհամենը 3 ցուցմունք: 872 վկայից կա 3 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում բարև բարի լույս է ասել: Աբսուրդի մի թատոն է սա»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ կա Տիգրան Թորոսյանի, Արմեն Գևորգյանի ցուցմունքը, որոնց հետ ինքը համաձայն է, և «ո՞ւմ ցուցմունքը պետք է փոխի, եթե դուրս գա, ո՞ր վկայի վրա կարող է ազդել»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси