Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանը մտադիր է խորացնել փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ. Վլադիմիր Կարապետյան

Հայաստանը մտադիր է խորացնել փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ. Վլադիմիր Կարապետյան

16:45 | 06.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մայիսի 3-4-ը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր Թբիլիսիում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Մայիսի 3-ին Վլադիմիր Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ Հարեւան երկրների եւ տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի եւ ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։

Հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները եւ երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների ընթացքը։

Վլադիմիր Կարապետյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում եւ Հայաստանը մտադիր է խորացնելու փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ:

Մայիսի 4-ին Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի աշխատակազմի մամուլի գրասենյակի ղեկավար Մայա Տաբագարիի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջեւ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ եւ Վրաստանի վարչապետերի աշխատակազմերի լրատվական ծառայությունների փոխգործակցությանը, հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցերի: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել այս ձեւաչափով հանդիպումները, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Այնուհետեւ Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների եւ փորձագետների հետ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում ընթացող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է հայ-վրացական փոխհարաբերություններին, հատուկ շեշտադրումներ արել ՀՀ վարչապետի՝ այս հարցերում առաջնայնությունների վրա եւ պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին։

Թբիլիսի կատարած այցի ավարտին Վլադիմիր Կարապետյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մամուլի քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության նախապայմանների ու հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների մասին խոսելուց հետո, լսել է վիրահայերին հուզող մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք բարձրացնել ՀՀ պատկան մարմինների մոտ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси