Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Սպիտակ տունը կրկին չճանաչեց Հայոց ցեղասպանությունը». Fresno Bee-ի անդրադարձը

«Սպիտակ տունը կրկին չճանաչեց Հայոց ցեղասպանությունը». Fresno Bee-ի անդրադարձը

11:14 | 25.04.2019 | Քաղաքականություն

Ամերիկյան Fresno Bee պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ նկատելով, որ Սպիտակ տան հրապարակած հայտարարությունում կրկին բացակայում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Ռոնալդ Ռեյգանից հետո ԱՄՆ որևէ նախագահ պաշտոնական կարգավիճակ չի տվել թուրքական իշխանությունների օրոք քրիստոնյա հայերի հետ պատահածին: Թրամփն օգտագործեց «20-րդ դարի վատագույն զանգվածային դաժանություններից մեկը» արտահայտությունը՝ կրկնելով Սպիտակ տանն իրեն նախորդածների ձևակերպումները: Օրինակ՝ Բարաք Օբաման իր 2015թ. ուղերձում կատարվածն անվանել էր «20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություն»»,-գրում է պարբերականը:

Այնուհետև Fresno Bee-ն հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ. հրեաների Հոլոքոստի մասին խոսելիս անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանությանը:

«Ինչպես նախքան այդ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունն ու շատ այլ ազգերի նմանատիպ բռնաճնշումները, այնպես էլ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»,-ասել էր Ռեյգանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: 

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը:

Այս օրը մենք նաև հարգում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին երաշխավորելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք այն մեծահոգի ամերիկացիների ներդրած ավանդը, որոնք օգնել են փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Պատվելով բոլոր նրանց, ովքեր տառապել են, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս ահռելի դժվարությունների, աշխարհով մեկ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, կառուցեցին կենսունակ համայնքներ:

Մենք պատրաստ ենք դաս քաղել նախկին ողբերգություններից, որպեսզի դրանք չկրկնվեն: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ընդունելու և առերեսվելու իրենց ցավալի պատմությանը: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси