Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները» խորագրով ցուցադրությանը

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները» խորագրով ցուցադրությանը

19:00 | 24.04.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Հակոբյանն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ ծանոթացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ եւ Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության պատմության հետ վերջիններիս ունեցած առնչությունների հանրահռչակումն է: Ցուցադրությունն ունի բովանդակային երկու հիմնական ուղղվածություն. մի կողմից լուսաբանվում են երկու մեծությունների բարեկամական ու ստեղծագործական առնչությունները, մյուս կողմից՝ առավել շեշտադրված՝ Հայոց ցեղասպանության ու դրա ծանր հետեւանքների հետ ունեցած վերջիններիս անմիջական կապը:

Ութ խորագրերից կազմված երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են ինչպես «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, այնպես էլ ՀՀ տարբեր արխիվների ու թանգարանների ֆոնդերում պահվող բնօրինակ նյութեր, բացառիկ կադրեր: Առաջին անգամ ցուցադրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած բիթլիսցի Աղավնի Մկրտչյանի տեսաձայնագրությունից հատված Հովհաննես Թումանյանի՝ 1915 թ. Էջմիածնում գաղթականներին օգնություն կազմակերպելու մասին: Ներկայացված բացառիկ բնօրինակ նյութերի մեջ առանձնահատուկ է 1915 թ. ապրիլի 11/24-ին Չանկըրը աքսորված եւ սպանված մտավորականներից Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած եւ մեզ հասած ուլունքաշար-համրիչը՝ բախտակից աքսորյալ 99 մտավորականների անունների փորագրությամբ, ի դեպ՝ առաջին հատիկի վրա Կոմիտաս Վարդապետի անունն է:

Ցուցադրությունն ուղեկցվում է Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ: Ներկայացված են նաեւ հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ «Կոմիտաս» շարքից մի քանի էսքիզներ: Ցուցադրությունը կգործի մինչեւ սույն թվականի օգոստոսի 30-ը:

Հիշեցնենք, որ առավոտյան Փաշինյանը տիկնոջ եւ երկրի բարձրագույն հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси