Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ». Փոխքաղաքապետ

«Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ». Փոխքաղաքապետ

17:54 | 02.04.2019 | Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր:

«Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաեւ այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Այցի արդյունքները օրերս քննարկվեցին քաղաքապետարանում:

Չեխիայի մայրաքաղաքում ուղեւորափոխադրումն իրականացվում է 3 տեսակի փոխադրամիջոցով: Հիմնականը մետրոն է, որն ապահովում է ուղեւորափոխադրման 48%-ը, տրամվայը՝ 28 եւ ավտոբուսը՝ 24%-ը: Քաղաքային երթուղիների 70%-ը պատկանում է համայնքին, իսկ 30%-ը սպասարկում են մասնավոր  ընկերությունները:

«Կառավարումն իրականացվում է կառավարման կենտրոնից, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, ո՛ր ավտոմեքենան որտեղ է գտնվում, քանի րոպե է ուշացել, ինչ խնդիրներ ունեն: Տեսախցիկներ կային տեղադրված ինչպես ավտոբուսների դրսի հատվածում, այնպես էլ՝ սրահում, որը հավելյալ հնարավորություն էր տալիս ճիշտ կազմակերպել ուղեւորափոխադրումը»,- նշում է քաղաքապետի առաջին տեղակալը:

Տրանսպորտային համակարգը Պրահայում աշխատում է համաձայն չվացուցակի եւ օրական սպասարկում է 3,3 մլն ուղեւորի, գործում է միասնական տոմսային համակարգ:

«Կար երկու մոտեցում՝ կանխավճարային եւ հետվճարային: Տոմսերը վաճառում էին րոպեներով, կարող էին տոմս ձեռք բերել նաեւ ամսական կտրվածքով: Տարբեր սոցիալական խմբերի համար տարբեր արժեքներ էին: Համեմատական կարգով կարող եմ ասել, որ Երեւանում տրանսպորտի համար վճարվող տոմսի սակագինը եւ Պրահայինը էականորեն տարբերվում են»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:    

Երեւանի տրանսպորտային բարեփոխմանը միտված այցի ընթացքում երեւանյան պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այցելել են հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» եւ «Իվեկո» ընկերություններ:

«Հետաքրքրական էր, որ «Իվեկո» ընկերությունը 2019թ. համար այլեւս վաճառքի պատվերներ չէր վերցնում, քանի որ հագեցած էր: «Շկոդան» զբաղվում է տրոլեյբուսների արտադրությամբ. հիմնականում արտադրում են ընթացային մասեր, իսկ թափքը գնում են այլ կազմակերպություններից: Այդ տրոլեյբուսները հնարավորություն էին տալիս երթեւեկել 30 կմ՝ առանց անհրաժեշտ գծերի»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

Երեւանյան պատվիրակության այցելությունը նախաձեռնել եւ ֆինանսավորել է չեխական կողմը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետի առաջին տեղակալը նկատում է. տրանսպորտային համակարգում առկա խնդիրների լուծման մոտեցումները համանման են:

«Այն պատկերացումները, որ մենք ունեինք WYG խորհրդատվական ընկերության հաշվետվության համաձայն, այս այցը մեզ հնարավորություն տվեց փաստացի տեսնել թե ինչպես է իրականացվում այդ գործընթացը: Դա բավականին վստահություն ներշնչեց, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, որը մեզ հնարավորություն կտա մոտակա ժամանակում ունենալու տրանսպորտային լավ համակարգ»,- ընդգծում է քաղաքապետի առաջին տեղակալը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրով Երեւանի քաղաքապետարանը շարունակում է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերություններն իրենց առաջարկներն են ներկայացնում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի տրանսպորտի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси