Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
60 անգամ պետական տուրքի բարձրացման նշաձողն, ըստ ինձ, շատ բարձր է. Տնտեսագետը ահազանգում է

60 անգամ պետական տուրքի բարձրացման նշաձողն, ըստ ինձ, շատ բարձր է. Տնտեսագետը ահազանգում է

15:53 | 27.03.2019 | Քաղաքականություն

Տևական ժամանակ է, ինչ գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները, դիլերները դժգոհում են պետական տուրքի նախատեսվող բարձրացումից: Նրանք կարծում են, որ դրա արդյունքում անհամաչափ մրցակցություն կսկսվի իրենց ու բանկերի միջև, բացի այդ՝ իրենք զգալի կորուստներ կունենան: Վերջիններս իրենց տեսակետը պնդել են նաև մարտի 20-ին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած աշխատանքային քննարկմանը:

Հիշեցենք, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների համաձայն, 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Այն, որ վերոհիշյալ փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա և իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում` հստակ է: Ավելին, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Ուրեմն որքանո՞վ է արդարացված միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, Xnews.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նկատեց, որ խնդիրը ոչ թե բուն տուրքի մեջ է, այլ ոլորտում ձևավորվող եկամուտների և հարկման մասին է:

- Աննախադեպ է 60 անգամ բարձրացնելը: Միգուցե, դա կարելի էր անել 6 տարվա ընթացքում, բայց ոչ միանգամից: Ես, որքան հասկանում եմ, դա ուժեղ լոբբինգի արդյունք է: Այն վերաբերում է խոշոր խաղացողներին, հատկապես, բանկերին և մասնագիտացված ունիվերսալ վարկային կազմակերպություններին:

Առհասարակ, արդյո՞ք, պետք է բարձրանան պետական տուրքերը, թե ոչ: Տնտեսագետը դրական պատասխան տվեց.

-Իհարկե, պետք է բարձրանան, որովհետև երկար ժամանակ այդ տուրքերը չեն վերանայվել, և խնդիրը հավասար մրցակցային պայմաններ ստեղծելն է: Այդ ոլորտում ձևավորվող ֆինանսական հոսքերը և եկամուտները վերահսկելու և հարկելու խնդիր կա: Այնպես որ, մի կողմից պետք է, բայց մյուս կողմից էլ 60 անգամ պետական տուրքի բարձրացման նշաձողն, ըստ ինձ, շատ բարձր է»,-ասաց նա:

Իսկ դիտարկմանը, թե  ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա և կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը, Ատոմ Մարգարյանն այն տեսակետին է,  որ մի քիչ չափազանցված է գործազրկության ալիք ասվածը և որ կարող են հարմարվել իրավիճակին և աշխատել.

-Չի կարող այնտեղ մոնոպոլիա լինել, որովհետև այդ ոլորտի խաղացողները գործում են կենտրոնական բանկի նորմատիվային կոշտ կարգավորման դաշտում: Իհարկե, որոշակի համախմբում պետք է լինի, բայց խոսել ինչ-որ մենաշնորհների մասին, չէ, ուղղակի լոբբինգի տարրեր են կիրառվում, և նաև ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, բնականաբար, շահեր ունեն այդ դաշտում և, ըստ ինձ, մի մասին դուրս մղելու, նրանց կուլ տալու, ինտեգրելու նպատակներ են հետապնդում, բայց, մեծ հաշվով, խոսել ֆինանսաբանկային ոլորտում մենաշնորհների մասին, կարծում եմ, տեղին չէ:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси