Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոստանյանի «տղամարդկությունն»  ու Սարգսյանի լռությունը

Կոստանյանի «տղամարդկությունն» ու Սարգսյանի լռությունը

11:13 | 22.01.2015 | Քաղաքականություն

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանդը, եւ դրան հաջորդած զարգացումներից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պետք է առնվազն հրաժարական ներկայացներ: Նոր մտածողությունից, մտածողության հեղափոխությունից խոսող գործչի համար դա կլիներ սեփական խոսքերի արժեվորում: Սակայն Կոստանյանն իրեն պահեց սովորական հայկական օլիգարխի պես, հղում անելով սեռական իր պատկանելիությանը:

Գյումրիում,  հազարավոր քաղաքացիների ներկայությամբ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ «տղամարդավարի» խոստում է տալիս դիմել ՌԴ գլխավոր դատախազին, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամներին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահններին հանձնելու, եւ հետեւաբար նաեւ ՀՀ օրենքներով վերջինիս դատելու խնդրանքով: Նախ, որ սպանության հենց առաջին օրը երբ տարօրինակ կերպով ռուս զինծառայողը  ձերբակալվեց հայ-թուրքական սահմանին՝ ռուս սահմանապահների կողմից, պետք է անմիջապես հանձնվեր հայ իրավապահներին, ինչը չարվեց: Այստեղ արդեն խախտվեցին ՀՀ Սահմանադրության, ՀՀ եւ ՌԴ ռազմաբազայի մասին օրենքի մի շարք դրույթներ: Այս ամենը քիչ էր, հիմա էլ Կոստանյանը «տղամարդավարի» խոստում տվեց, որ խնդրագիր կներկայացնի ՌԴ իր «ադաշին»:

«Տղամարդավարի» խոստումից անցել է տեւական ժամանակ: Ավելի կոնկրետ յոթ օր: Մեկ շաբաթ հայ պահանջատեր քաղաքացին սպասում է ՀՀ գլխավոր դատախազի «տղամարդկայնությանը», որը միայն ու միայն պետք է արտահայտվեր խոստումը կատարելով: Հիմա սակայն լուռ է ոչ միայն Կոստանյանն, այլ նաեւ իր ղեկավարած կառույցը:

Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ սեռական իր պատկանելիությանը Կոստանյանը հղում արեց միայն ճնշումների ներքո, իսկ որոշում կայացնողը ինքը չէ; Գեւորգ Կոստանյանները երբեք էլ ինքնուրույն խաղացող չեն եղել, այլ տարիներ շարունակ հլու հնազանդ կատարել են Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգը: Հետեւաբար պարզ է, որ ՌԴ գլխավոր դատախազին դիմելու որոշումը պետք է կայացներ Սերժ Սարգսյանը: Իսկ վերջինս ինչպես հայտնի է դաժան սպանությունից հետո իջավ ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը: Սարգսյանը բավարարվեց միայն ցավակցական խոսք հղելով, այն էլ սպանության 7-րդ օրը, երբ մահացավ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Սա էլ տեղի ունեցավ Պուտինի   հեռախոսազանգից հետո:

Եզրափակելով կարելի է նշել, որ Կոստանյանի «տղամարդավարի» խոստումի կատարմանը սպասելն առնվազն միամտություն է: Սերժ Սարգսյանը նրա փոխարեն այդ հարցի պատասխանն արդեն տվել է:

Արթուր Կարապետյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси