Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարությունը լուծում է մի քանի խնդիր. Տնտեսագետը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարությունը լուծում է մի քանի խնդիր. Տնտեսագետը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

11:16 | 20.02.2019 | Հասարակություն

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որոնց` ապրիլի 1–ից քաղաքացիները վճարելու են ոչ թե գնված գազի ծավալի, այլ քաշի համար, իսկ ակցիզային հարկը կհաշվարկվի և կգանձվի ըստ քաշի:

Ինչ հետևանքներ կարող է առաջացնել վերոհիշյալը շարքային քաղաքացիների կյանքում, մասնավորապես, հաշվի առնելով, որ հանրության շրջանում լուրջ մտահոգություն կա, որ օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո, հնարավոր է գազը թանկանա:

Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով Xnews.am-ը դիմեց տնտեսագետ Գագիկ Մակարյանին, ով անդրադառնալով քաղաքացիների թիվ մեկ հուզող խնդրին` վստահեցրեց.

«Գազը չի թանկանա և սպառողը 1 կգ գազի համար կվճարի այնքան, ինչքան այն կարժենա: Իսկ այդ օրենքով կառավարությունը լուծում է մի քանի խնդիր. Առաջին՝ բոլոր գազալցակայանները ավելորդ վտանգներից կխուսափեն, որովհետև այդ գազը կարող է տեղում լցնելու պահին պայթել կամ հետո պայթել: Այսինքն՝ կապահովվի գազալցակայանների անվտանգությունը: Երկրորդ՝ բոլորը վճարելու են նույն գինը: Ավելորդ մրցակցությունը, որն առաջանում էր տարբեր ջերմաստիճանների ճնշման տակ լցնելու պատճառով, կվերանա: Երրորդ՝ վարորդները տեղյակ կլինեն իրենց անվտանգության նորմերի մասին: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում գազի բալոնները սարքում են տարբեր մետաղներից, կարող է սիրուն ներկեն, բայց իրականում այն լինի օգտագործված, ծերացած մետաղից, որի դեպքում, ենթադրենք, 250 կամ 180 մթնոլորտ ճնշման տակ բալոնը հնարավոր է պայթի: Իմ կարծիքով, այս խնդիրներն էլ են կարգավորվում տվյալ օրենքով: Ես երկու ձեռքով կողմ եմ և կառավարության որոշումը համարում եմ նորմալ որոշում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կա՞ ռիսկ, որ կգ-ի դիմաց վճարելու դեպքում վարորդն ավելի քիչ կվարի մեքենան` մեր զրուցակիցը  ընդգծեց, որ վարորդները գազը կլցնեն իրենց բալոնին համապատասխան կգ-ով և համեմատություն անցկացրեց բենզինի հետ:

«Վարորդը գիտի՝ 50 լիտր լցնելու դեպքում ինչքան կվարի մեքենան: Նույնն էլ գազինը կլինի: Եթե նախկինում գազալցակայանները թերակշռելով գազը ավելորդ շահույթ էին փորձում կորզել, կամ ճնշման և ջերմաստիճանի խաղերի պատճառով խաբեություններ էին անում, հիմա բոլորը կաշխատեն նույն եկամտաբերությամբ և մրցակցությունը կլինի հավասար»,-ասաց նա:

Պարզաբանող հարցին՝ հնարավո՞ր է կգ-ի անցման դեպքում էլ կամայականություններ լինեն, որովհետև շատ վարորդներ դժգոհ են եղել կշեռքներից և, ըստ իրենց, գազալցակայանները թերակշռել են գազը, տնտեսագետը պատասխանեց. «Չէ, հիմա էլ առաջվանը չի: Շուկայի վերահսկողության տեսչությունը ստուգում է կշեռքները: Բենզինի դեպքում էլ թերլցումներ եղել են, բայց վերջում բոլորը հասկացել են, որ վարորդները հասկանում են ու խուսափում, որովհետև հիմա բոլոր մեքենաների սլաքները ցույց են տալիս չափը, հատկապես, եվրոպական արտադրության մեքենաներում ամեն ինչն էլ երևում է: Այնպես որ, այս առումով էլ ամեն ինչ նորմալ է:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси