Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարը պատրաստ է իրեն նախագահ հռչակել

Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարը պատրաստ է իրեն նախագահ հռչակել

18:07 | 12.01.2019 | Քաղաքականություն

Վենեսուելայում երկրորդ ժամկետով Նիկոլաս Մադուրոյի նախագահի պաշտոնն ստանձնելու հաջորդ օրն իսկ ընդդիմադիր խորհրդարանը, որը գործող իշխանության կողմից հայտարարվել է օրենքից դուրս, բացահայտ մարտահրավեր է նետել պետության ղեկավարին, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուաիդոն ուրբաթ՝ հունվարի 11-ին հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել նախագահի լիազորությունները եւ համաքաղաքացներին կոչ է արել զանգվածային ցույցեր սկսել Մադուրոյի դեմ։

«Սահմանադրությունն ինձ իրավունք է տալիս ստանձնելու հանրապետության նախագահի լիազորությունները, որպեսզի նշանակվեն ընտրություններ, բայց ես քաղաքացիների սատարման կարիքն ունեմ։ Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ Մադուրոն բռնատիրել է իշխանությունը։ Որպես Ազգային ժողով՝ մենք մեզ վրա ենք վերցնում նախագահական լիազորությունները, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ»,- ասել է Գուաիդոն՝ ելույթ ունենալով ընդդիմադիր կողմնակիցների առջեւ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։

Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարը ժողովրդին կոչ է արել հունվարի 23-ին դուրս գալ զանգվածային ցույցերի։ 1958թ. այդ օրը Վենեսուելայում տապալվեց Մարկոս Պերես Խիմենեսի ռազմական դիկտատուրան։ Մադուրոն քննադատել է Գուաիդոյի ելույթը՝ այն անվանելով ընդդիմադիր շոու՝ ուղղված երկրի ապակայունացմանը։

Նիկոլաս Մադուրոն, որին ընդդիմությունը մեղադրում է Վենեսուելայում դեմոկրատիայի վերացման մեջ, հունվարի 10-ին մինչեւ 2025թ. երկրորդ ժամկետով ստանձնել է նախագահի պաշտոնը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018թ. մայիսի նախագահական ընտրություններում Մադուրոն ստացել է ձայների 68%-ը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 50 տոկոսից պակաս։ Ընդդիմության մեծ մասը բոյկոտել է ընտրությունները եւ չի ընդունել դրանց արդյունքները։ Մադուրոյի վերընտրությունը չեն ընդունել նաեւ Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը։ Նրանք Մադուրոյին կոչ են արել վերադառնալ դեմոկրատիային։

Սակայն Նիկոլաս Մադուրոյին կուռ աջակցում է վենեսուելական հզոր բանակը։ Ընդդիմությունը, որը կոչ է անում տապալել նախագահին, խոր պառակտման մեջ է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси