Նպատակաուղղված ոչինչ չեն ձեռնարկել, որ շենքի պատը փլվի. Հեքեքյանը մեղադրանքներ հնչեցրեց քաղաքապետարանի հասցեին

Նպատակաուղղված ոչինչ չեն ձեռնարկել, որ շենքի պատը փլվի. Հեքեքյանը մեղադրանքներ հնչեցրեց քաղաքապետարանի հասցեին

13:57 | 12.01.2019 | Հասարակություն

Արամի 23 պատմական հուշարձան շենքի պատի մասին «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը բազմիցս ահազանգել է քաղաքապետարանին, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հեքեքյանը՝ Արամի 23 հասցեում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ։

«Ոչինչ չի արվում։ Այսինքն՝ ստացվում է, որ  կամ անարգում եք, չեք կատարում վարչապետի հրամանը, կամ մնացածը թատրոն էր։ Մեզ այնպիսի պատասխաններ էին ուղարկում, որ մեզ թվում էր կամ հայերեն լավ չգիտեին, կամ մտավոր խնդիր ունեին, մենք մի հարց էինք տալիս, մեզ ուրիշ պատասխան էին տալիս։ Ոչինչ չէին անում, որ շենքը քանդվի: Դա բացահայտ երեւում էր, քանի որ ճարտարապետներ էին գալիս, ցուցումներ էին տալիս, բայց մեկ օր հետո զանգում էին, ասում էին՝ երեւի չանենք։ Այսինքն՝ իրենք թիրախային բոլորին մեկուսացնում էին, որ ոչ ոք մոտ չգա էս շենքին: Բայց վարչապետի այցից հետո պարոն Էլոյանը եկավ եւ խնդրին լուծում առաջարկեց, որը մենք շատ  հավանեցինք։ Նա ասաց, որ 3 օր է պետք, որ այդ լուծումը նախագիծ դառնա եւ սկսենք: Դա նոյեմբերի 27–ն էր, դե հաշվեք քանի 3 օր է անցել։ Մենք շաբաթը մեկ քաղաքապետարան նամակ ենք գրում  եւ նման է, որ մենք անապատում ենք»,– ասաց Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանը նշեց, որ դիմելու են դատարան այս հարցով, քանի որ կարծում են՝ նպատակաուղղված ոչինչ չեն ձեռնարկել, որ շենքի պատը փլվի։

«Պարոն Սերմաքեշը ասում են շատ հայրենասեր մարդ է, իր հայրենասիրությունը երեւաց, նրանք քանդում են պատմական հուշարձանը եւ հասցրել են նրան, որ մեր երգչախումբը 4-5 ամիս է չի գործում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси