Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արամի 23 հասցեի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ․ Արթուր Մեսչյան

Արամի 23 հասցեի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ․ Արթուր Մեսչյան

11:26 | 12.01.2019 | Քաղաքականություն

Շուրջ 3 ամիս Արամի 23-ի վերաբերյալ խոսակցություններ են գնում, թե ինչպես անենք, որ վթարային վիճակում գտնվող  կառույցի առանձնապես հպվող պատը կարողանանք շինարարական հրապարակին միացնել: Այս մասին քաղաքապետարանում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մշակվեցին տարբերակներ: Մի տարբերակ մշակեց «Հին Երևանի» ճարտարապետը, բայց Մշակույթի նախարարությունը չհավանեց: Կար երկրորդ տարբերակ, որը բավականին մեծ շինարարական աշխատանք էր, և ես ինչպես հասկացա, կառուցապատողի կողմից չընդունվեց: Երկար ժամանակ այդ պատը մնաց այդ վիճակում, կամաց-կամաց պատի վիճակը վատթարացավ: Ի վերջո, եկավ տրամաբանական ավարտը, պատը քանդվեց»,- ասաց նա:

Ըստ Արթուր Մեսչյանի՝պատը քանդվելուց հետո խնդիրներ են առաջացել հարակից բնակելի տարածքի համար, սակայն բարեբախտաբար, այնտեղ ոչ ոք չէր ապրում, և ուշ ժամի պատճառով մարդ չի էլ եղել շինհրապարակում, զոհեր և տուժածներ չկան:

Երևանի գլխավոր ճարտարապետը հարց բարձրացրեց՝ հնարավո՞ր է արդյոք վերականգնել պատը և վերադարձնել հուշարժանն իր արժեքային համակարգին: Ինքն էլ հարցին պատասխանեց․«Այո՛, հնարավոր է: Դրա համար պետք է մշակվի նոր նախագիծ, որ գոյություն ունեցող կառույցը դրանով ամրացվի և հետագայում վերակառուցվի այն նախագծով, որ կա նախագծի ճարտարապետի ծրագրում»,- ասաց նա:

Արթուր Մեսչյանը նշեց՝ սա թող դաս լինի, որ այդ տարածքում կան բավականին քանակի հուշարձաններ, որոնք պետք է պահպանվեն «Հին Երևան» ծրագրում շինարարության ընթացքում: Նրա կարծիքով՝ արդեն մյուս կառույցների շրջակայքում շինարարական աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ չլինի այն, ինչ եղավ Արամի 23 հասցեի շենքի հետ:

«Ինձ թվում է՝ Արամի 23-ի պատի քանդվելը խորհրդանշական էր, որովհետև դա բավականին անկազմակերպ, անտրամաբանական քաշքշուկների հետևանք եղավ: Ժամանակին կարելի էր այդ պատը հանգիստ ամրացնել, խուսափել այն ամենից, ինչ կատարվեց և տրամաբանորեն շարունակել աշխատանքները»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси