Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամեն երգիչ պետք է հաշվիչ դրամարկղային մեքենա ունենա՞, «կասվի չեք» պիտի խփի տա՞ իր պատվիրատուին ու հետո ինքը դրանից հարկվի՞. Գևորգ Չուլյանը՝ ՊԵԿ հայտարարության մասին

Ամեն երգիչ պետք է հաշվիչ դրամարկղային մեքենա ունենա՞, «կասվի չեք» պիտի խփի տա՞ իր պատվիրատուին ու հետո ինքը դրանից հարկվի՞. Գևորգ Չուլյանը՝ ՊԵԿ հայտարարության մասին

14:45 | 31.12.2018 | Մշակույթ

2018 թվականը ու, հատկապես, ՊԵԿ-ի՝ շոուբիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին հարկելու աղմկահարույց հայտարարությունն ընդունվեց սվիններով, և նույնիսկ եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին հայրենիքը լքելու մասին: Քաղաքական այս և այլ թեմաների շուրջ Xnews.am կայքը զրուցեց հայտնի դերասան, հանդիսավար Գևորգ Չուլյանի հետ:

-2018 թվականն ուղեկցվեց քաղաքական իրադարձությունների բուռն զարգացումներով: Ինչպե՞ս տարին անդրադարձավ Ձեր ստեղծագործական կյանքի վրա: Ի՞նչ գնահատական կտաք:

-Որևէ ստեղծագործական փոփոխություն չի եղել, ինչ կար, շարունակվել է իր բնականոն հունով: Քաղաքական առումով, երբ հռչակվեցինք անկախ երկիր, դա առաջին բումն էր, որովհետև իսկապես եղավ հեղափոխություն և եղավ այն, ինչ ակնկալում էի: Ճիշտ է, ոչ քաղաքապետի և ոչ էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանում չեմ եղել, բայց ակնկալիքներս մեծ էին, որ կանցներ քաղպայմանագիրը ու այդպես էլ եղավ: Ես լավ գնահատական կտամ:

-Վերջերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շոուբիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց հորդորել էր ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, ինչն էլ մեծ իրարանցում առաջացրեց շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Վերջիններս էլ պնդել էին, թե ինչպես վճարել հարկերը, երբ իրենք էլ չգիտեն, թե որքան գումար կաշխատեն հաջորդ ամիս: Ո՞վ է ճիշտ այս պարագայում: ՊԵԿ-ը ինչպե՞ս պետք է իրականացնի իր որորշումը, որպեսզի ոչ ոք չտուժի:

-Ես դեմ չեմ: Բնական է՝ աշխատում ես, պիտի հարկ վճարես: Դա նորմալ երևույթ է: Բոլոր նորմալ երկրներում էդպես է: Աշխատում ես ինչ-որ իքս գումար, պիտի իքս գումար էլ վճարես պետությանը: Էստեղ ուղղակի մեխանիզմների հարցն է: Կան մարդիկ, ովքեր գերշահույթ են ստանում, բայց դրանից չեն հարկվում, հիմա ՊԵկ-ն, ինձ թվում է, ուզում է էդ մարդկանց հարկել: Բայց դե, եթե օրենքը լինում է, պետք է բոլորի համար լինի: Ողղակի պետք է ճիշտ մեխանիզմ մշակել: Ես հիմա չեմ պատկերացնում՝ իրենք որ ասում են հայտարարագրել, ի՞նչ է դա նշանակում: Այսինքն մարդը գնաց ինչ-որ ռեստորանում աշխատեց, պիտի գա ասի՝ ես էսքան փող աշխատեցի, էսքան հարկը վերցրեք ու… ի՞նչ է՝ Ա/Ձ են բացելու՞, ամեն երգիչ պետք է հաշվիչ դրամարկղային մեքենա ունենա՞, «կասվի չեք» պիտի խփի տա՞ իր պատվիրատուին ու հետո ինքը դրանից հարկվի՞: Ո՞նց է լինելու էդ սիստեմը: Կամ ինչպե՞ս են ստուգելու, թե ով ինչքան փող աշխատեց: Ընկնելու են պատվիրատուի հետևի՞ց: Եթե իրենք ճիշտ սիստեմ մշակեն, ու դնեն էնպիսի տոկոսադրույք, որը որ խելամիտ կլինի, ես դեմ չեմ:

-Այդ որոշումից դժգոհող երգիչ-երգչուհիները ասել են, որ իրենք դրսում հարկ վճարում են: Այդ դեպքում՝ ո՞րն է խնդիրը, որ իրենց երկրում էլ հարկվեն:

-Այո, դրսում նրանք հարկվում են, որովհետև կա մեխանիզմ:  Յուրաքանչյուր վաճառված տոմսի համար կա իքս գումար, որից հարկվում են: Հետո էդ մարդը որ գնաց դրսում համերգ տվեց ու դրսում հարկվեց, գալու է մի անգամ էլ Հայաստանում հարկվի՞: Հարց չկա, հարկենք, բայց դրա ճիշտ մեխանիզմը ո՞րն է: Մեկի հոնորարը, ենթադրենք 10.000 դոլար է, մյուսինը՝ 100, երկուսինն էլ դնելու են 20 տոկո՞ս: Ես չեմ պատկերացնում: 

-Գևորգ, քանի որ Ամանորը մոտենում է, մի քանի հարց այդ թեմայով: Ո՞րն է եղել 2018թ.-ի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Չգիտեմ, երևի էդպիսին չի եղել: Ինչ-որ դրական փոփոխություններ եղան ստեղծագործական կյանքում, որոնց շարունակությունը մնաց հաջորդ տարի, բայց ակնհայտ ձեռքբերում չեմ ունեցել:

-Հայկական ամանորյա ավանդույթներից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին: Կա՞ մի բան, որ կուզենայիք փոխել կամ ներմուծել եվրոպականից:

-Մենք ամանորը շատ երկար ենք տոնում և շատ ճոխ: Մի քիչ շատ ենք չափն անցնում: Ժամանակն է, որ մի քիչ թեթև նայենք էս ամենին՝ մինչև ամսի տասը տոնելն ու տնից տուն գնալը պիտի փոխվի: Ավելի լավ է մի փոքր նվեր առնենք ու նվիրենք, քան գնանք նստենք ու ասեն՝ բա մեր բլինչիկից կեր, մի հատ էլ մեր բդից անպայման փորձի և այլն: Հենց սա պիտի փոխվի:

-Ի՞նչ անելիքներ ունեք 2019թ.-ին և Ձեր ամանորյա բարեմաղթանքը ժողովրդին:

-2019թ.-ին անելիքներս շատ են, բայց հիմա չակերտները չեմ ուզում բացել:

Ամանորյա շնորհավորանքս ուզում եմ ուղղել հայ զինվորին: Թող մեր սահմաններում խաղաղություն լինի և մեր զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան: Իսկ ժողովրդին կմաղթեմ առողջություն, խաղաղություն ընտանիքներում, թող նրանց բոլոր սպասելիքներն արդարանան և թող ոչ ոք չլքի իր հայրենիքը:

 

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси