Փաշինյանի մեղադրանքներն ուղղված էին անցյալին, իսկ Վիգեն Սարգսյանինը՝ ապագային. Աղասի Ենոքյան

Փաշինյանի մեղադրանքներն ուղղված էին անցյալին, իսկ Վիգեն Սարգսյանինը՝ ապագային. Աղասի Ենոքյան

17:51 | 06.12.2018 | Քաղաքականություն

Հանրային հեռուստատեսության եթերում քաղաքական ուժերի առաջնորդների միջեւ կայացած հանրային բանավեճի ֆորմատը շատ վատն էր, քաղաքականապես անհավասար ուժերին տրված էին հավասար հարթակներ, եւ դա ամբողջովին կոտրում էր քննարկման տեմպը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Այնուամենայնիվ, այն հատեց այն սեւ ու սպիտակ գիծը, որն առաջ է տանում ՀՀԿ–ն՝ իրենց առանձնացնելով որպես սեւ ուժ եւ մնացած բոլորին միավորելով որպես սպիտակ։ Արդյունքում այդ ուժերն էլ խոստովանեցին, որ իրենք լուրջ ընդդիմություն լինելու կարիք չեն զգում, ցանկանում են անցնել խորհրդարան, որտեղ կարող են ամբիվալենտ վիճակ ունենալ՝ անհրաժեշտության դեպքում ներկայանալ որպես ընդդիմություն, այլ հանգամանքների դեպքում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ»,– նշեց քաղաքագետը։

Նա պարզաբանեց, որ խոսքը բացի ՀՀԿ–ից մնացած բոլոր ուժերի մասին է. «ՀՀԿ–ն միակ ուժն է, որը չի համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մյուսները կառավարության կազմում չեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի ուզել, եթե նա ուզի, նրանք մեծ հաճույքով կգնան այդ համագործակցության»։

Աղասի Ենոքյանը շեշտում է՝ տեսանք նաեւ, որ այդ ուժերը իրար դեմ են պայքարում՝ փորձելով մանդատները իրարից վերցնել. «Բավականին հետաքրքիր էր Ծառուկյան–Մարուքյան դեբատը, որն ահագին բաներ բացահայտեց»։

Նա, սակայն, ավելի բովանդակալից բանավեճ էր ակնկալում եւ ավելի քիչ ուժերի ներգրավվածություն բանավեճում, ընդգծում է՝ լավագույն տարբերակը կլիներ երկու քաղաքական ուժերի բանավեճը՝ ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի միջեւ բանավեճը, իսկ երեկվա բանավեճը, նրա կարծիքով, ոչինչ չտվեց մարդկանց։

«Հասկացանք, որ բավականին լուրջ մեղադրանքներ ուներ Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանի դեմ, բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն ուղղված էին անցյալին, իսկ Վիգեն Սարգսյանինը՝ ապագային»։

Ենոքյանը լուրջ քաղաքական դիրքորոշում է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալը կեղծ նվաճում է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси