Մենք անթերի ծառայությամբ պետք է ապահովենք քաղաքացու ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը. Վ. Օսիպյանը՝ Արմավիրում

Մենք անթերի ծառայությամբ պետք է ապահովենք քաղաքացու ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը. Վ. Օսիպյանը՝ Արմավիրում

18:55 | 05.12.2018 | Քաղաքականություն

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում կատարել է վերջին մարզային այցելությունը՝ աշխատանքային այցով մեկնելով Արմավիր։ 

Ոստիկանության պետը նախ հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։

Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրել է վերջին շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները՝ հավաստիացնելով, որ համակարգն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը, ինչպես և ուշադրության կենտրոնում է պահում քրեական տարրերին։ Ոստիկանության պետը թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորել է ակտիվ աջակցել ոստիկանությանը՝ հավաստիացնելով, որ նրանց ցանկացած ահազանգը կարժանանա արագ արձագանքի ու համապատասխան ընթացք կստանա։ 

Հանդիպմանը քննարկվել են նաև ընտրությունների օրը ոստիկանության հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ 
Վալերիյ Օսիպյանը վերոնշյալ հարցերը քննարկել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության անձնակազմի հետ նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։ 

Ոստիկանության պետը նշել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու մարզի ոստիկանների աշխատանքը՝ հույս հայտնելով, որ թերացումները կբացառվեն։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է իր պահանջները՝ կոնկրետ հրահանգներ տալով դրանց արդյունավետ կատարման համար։ Առանձնահատուկ քննարկվել են ընտրությունների ժամանակ օրենքով ոստիկանությանը վերապահված իրավունքներն ու լիազորությունները։ «Մենք անթերի ծառայությամբ պետք է ապահովենք քաղաքացու ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ ավելի ամրապնդելով մեր նկատմամբ հասարակության հարգանքն ու վստահություն»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси